18/06/2015 19:46
Ես վատ գիտեմ թատրոնը, իսկ կինոյում ինձ համար գոյություն ունեն երկու դերասաններ, որոնց հավասարը չի նշմարվում. Մհեր Մկրտչյան
Այսօր ռուսական կինոարվեստին անծանոթ չէ Մհեր Մկրտչյան ռեժիսոր-սցենարիստի անուն ազգանունը. «Трое и Снежинка», «Взрослая дочь или тест на...», «Дед 005»… Մկրտչյանների գենը շարունակող ժառանգն իր խոսքն ու ասելիքն ունի նաև հայկական կինոշուկայում. սակայն, ամեն ինչ ըստ հերթականության: Aysor.am-ի զրուցակիցը Ռուսաստանում բնակվող և ստեղծագործող ռեժիսոր, սցենարիստ Մհեր Մկրտչյանն է:
-Եթե չեմ սխալվում, այժմ նոր ֆիլմի վրա եք աշխատում: Կմանրամասնե՞ք` ինչ ֆիլմ է, ովքեր են ներգրավված:
-Եթե նկատի ունեք «Բախտավորներ» նախագիծը, ապա ֆիլմը դեռ գտնվում է ստեղծման փուլում: Այն հանդիսանում է ռուսաստանյան և ամերիկյան մի քանի կինոստուդիաների համատեղ նախագիծ: Ես դեռ իրավունք չունեմ բարձրաձայնելու բոլոր դերասանների անունները, կարող եմ միայն նշել նրանց, ովքեր նկարահանվել են հայկական կողմից` Նազենի Հովհաննիսյան, Հրանտ Թոխատյան, Մկրտիչ Արզումանյան, Դիանա Մալենկո, Հայկ Պետրոսյան, Վիվյեն Բաստաջյան, Սոս Ջանիբեկյան:
-Դուք աշխատում, ստեղծագործում եք ռուսական շուկայի համար, թեև երբեմն ներգրավում եք նաև հայ դերասանների: Չե՞ք մտածում հայկական ֆիլմ նկարահանելու մասին:
-Այո, օրինակ «Պապ 005» սերիալը ստեղծվել է ռուսական TV ի համար: Ի թիվս Շակուրովի, Մարյանովի, Յարմոլնիկի և մյուսների` նախագծում ներգրավված են եղել նաև հայ դերասաններ Հրանտ Թոխատյանը, Նազենի Հովհաննիսյանը և Մկրտիչ Արզումանյանը: Եթե Հրանտը, ինձ հետ համագործակցելուց բացի, ունի հայկական շուկայից դուրս ստեղծագործական փորձ, ապա Նազենիի և Մկոյի համար, ըստ էության, այն առաջինն էր: Կարծում եմ, լավ փորձ էր նրանց համար: Ինչ վերաբերում է զուտ հայկական ֆիլմ նկարահանելուն. ես միշտ աշխատել եմ Ռուսաստանում, բայց չեմ թաքցնի և կասեմ` վաղուց երազում եմ ստեղծել հայկական ֆիլմ: Որակյալ ֆիլմի համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ: Հենց գտնեմ պրոդյուսերներ, ովքեր նույնպես դրանում հետաքրքրված լինեն, անպայման կիրագործեմ այն:
-Պարոն Մկրտչյան, հայ դերասանների մեջ, կարծեք, թե ընտրյալներ ունեք, այո՞:
-Ոչ, յուրաքանչյուր դերի համար անհրաժեշտ են կոնկրետ դերասաններ: Հակառակը` կան դերասաններ, որոնց հետ շատ եմ ուզում աշխատել, սակայն դեռ չի հաջողվում: Իհարկե, ռեժիսորի համար կարող է դեր խաղալ հարմարավետության գործոնը` երբ արդեն ճանաչում ես դերասանի ընդունակությունները և օրգանիկան: Սակայն, երբ ելակետդ միայն սա է, սկսում ես «ժանգոտել»:
-Ամեն դեպքում, շատ ռեժիսորներ դերասաններին հաճախ համակրանքով կամ ծանոթով են ընտրում: Պատահե՞լ է, որ ինքներդ էլ նման սկզբունքով առաջնորդվեք:
-Եթե ակեղծ` ինքս նման կերպ եմ վարվել 2007թվականին: Չեմ ուզում հիմա անուններ տալ: Այլևս այդպես չեմ անում:
-Հայ դերասաններից ո՞ւմ հետ է առավել հաճալի աշխատել: Նաև` ո՞ւմ հետ է առավել բարդ:
-Հաճելի է աշխատել տաղանդավորների հետ, դժվար է` անտաղանդների. սա է միակ բանաձևը (ժպտում է):
-Զրույցի սկզբում, ճիշտ է, խոսեցինք պայմանների բացակայությունից, դժվարությունից, բայց հետաքրքիր է, Ձեր հայրիկի` ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի հետ չե՞ք մտածում ուժերը ներդնել և մնայուն, ոչ կոմերցիոն հայկական ֆիլմ պատրաստել:
-Գիտեք, մեր միջև առկա է սերունդների տարբերություն: Այն, ինչ ինձ է հետաքրքիր, նրան չի հետաքրքրում, այն, ինչ հետաքրքիր է նրան, ինձ չի հետաքրքրում: Ուստի, մեզ ավելի հարմարավետ է լինել պարզապես հայր և որդի:
-Դուք ռեժիսուրային տիրապետում եք, եթե չեմ սխալվում, 1989 թվականից, սակայն բավական ուշ` 2006 թվականից սկսեցիք զբաղվել այդ գործունեությամբ: Ի՞նչն էր երկարատև ընդմիջման պատճառը:
-Ոչ, 1989-ին ես նոր ընդունվել եմ ВГИК և տեղափոխվել Մոսկվա: Սցենարական ֆակուլտետն ավարտել եմ 1994-ին, սակայն որոշակի ժամանակահատված մասնագիտությամբ չեմ աշխատել: Այդ ընդմիջման պատճառը հետսովետական շրջանն էր. պետք էր ապրել և փող վաստակել: Իսկ 2006թվականին զգացի` եթե չես զբաղվում այն բանով, ինչ սիրում ես, ապա զուր է անցնում կյանքդ: Եվ հետ եկա կինո:
-Հետևո՞ւմ եք հայկական կինոշուկային, գո՞հ եք այսօրվա ֆիլմարտադրությունից:
-Եթե մենք չենք խոսում սերիալների մասին, ապա նկարահանված վերջին ֆիլմերից ես նայել եմ «Սուպեր-Մամա», «Անավարտ Թռիչք» և «Սկոչ & Վիսկի»: Առաջինի դեպքում հասկանում եմ, որ այն զուտ կոմերցիոն նախագիծ է` առանց հավակնությունների: Եվ Հայկ Մարությանը դրանում անկեղծ է: Երկրորդ ֆիլմը չեմ ուզում մեկնաբանել: Իսկ «Սկոչ & Վիսկի»-ն ինձ դուր է գալիս. տաղանդավոր ռեժիսորական աշխատանք, հմուտ օպերատոր, հիանալի դերասանական կատարումներ` աննշան բացառություններով: Ոչինչ այլևս չեմ նայել անցյալ տարվա աշխատանքներից:
-Յուրաքանչյուր ռեժիսոր իր սրտում միշտ փայփայում է մի թեմա, որին կցանկանա անդրադառնալ հնարավորության դեպքում: Ձեզ համար նման թեմա կա՞:
-Ինձ միշտ հետաքրքիր է փորձել տարբեր բաներ: Հինգ տարի առաջ իմ մեջ եփվում էր մի թեմա, արդյունքում ծնվեց մի ֆիլմ: Այսօր նույն թեման ինձ կարող է ալևս չհուզել: Ամեն ինչ փոփոխվում է: Որոշակի մեկ թեմա երբեք գոյություն չի ունեցել:
-Պարոն Մկրտչյան, բոլոր ժամանակների մեջ կա՞ մի հայկական ֆիլմ և դերասան, որը Ձեզ համար անփոխարինելի է:
-Ֆիլմերը շատ են: Ավելի հեշտ է նշել ռեժիսորներին` Հենրիկ Մալյան, Ֆրունզե Դովլաթյան, Էդմոնդ Քեոսայան, Ալբերտ Մկրտչյան: Ցավոք, այս սերնդից հետո «վակում» է ձևավորվել: Ես վատ գիտեմ թատրոնը, իսկ կինոյում ինձ համար գոյություն ունեն երկու դերասաններ, որոնց հավասարը մոտակա ժամանակներում չի նշմարվում` Խորեն Աբրահամյան և Ֆրունզիկ Մկրտչյան:
-Սպառվե՞լ են տաղանդավոր գեները:
-Հարցը նրանում չէ, որ սպառվել են տաղանդները: Դերասանի մասնագիտությունը կախման մեջ է. նրան պետք է տալ դեր, տեքստ, ռեժիսոր: Օրինակ, որտե՞ղ պիտի նկարահանվեին այսօր Աբրահամյանն ու Մկրտչյանը: Ո՞ր սերիալում, ո՞ր ֆիլմում: Կկարողանային արդյո՞ք իրագործել իրենց տաղանդն այսօր: Վստահ չեմ:
-Շատերին կհետաքրքրի, թե ինչպե՞ս եղավ, որ տաղանդավոր կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի որդին պատանի տարիքում մեկնեց Ռուսաստանի Դաշնություն և գործունեությունը սկսեց այնտեղ:
-Ամեն ինչ շատ պարզ է. ես 17 տարեկան էի և ընդունվեցի ԲՈՒՀ: Ըստ էության, ինձ մոտ ամեն ինչ սկսվել է Մոսկվայում. այնտեղ ունեի ընկերներ, ունեցա նաև աշխատանք: Պարզապես, աննկատ անցան տարիները:
-Հայաստանում հաճա՞խ եք լինում:
-Շատ հաճախ: Փորձում եմ այստեղ անցկացնել ամբողջ իմ ազատ ժամանակը:
-Ունե՞ք Ձեր ընտանիքը` կին, երեխաներ: Եթե այո, կմանրամասնե՞ք` ինչո՞վ են զբաղվում:
-Նախընտրում եմ անձնական կյանքս թողնել հանրային դաշտի փակագծերից դուրս (ժպտում է):
-Դրսում բնակվող հայ գործընկերներից ո՞ւմ հետ եք առավել մտերիմ:
-Ես երկար աշխատել եմ Գևորգ Ներսիսյանի և «Պարադիզ» ընկերության հետ: Համարյա բոլոր ֆիլմերը մենք արել և շարունակում ենք անել միասին: Իմ գլխավոր ուսուցիչն ու խորհդատուն է Արմեն Մեդվեդևը: Ինձ համար ընկեր և գործընկեր է Արկադի Գրիգորյանը, երիտասարդ, տաղանդավոր Էդուարդ Համբարձումյանը, կոմպոզիտոր Արաքսյա Մուշեղյանը, որի հետ տանդեմում մենք երկու ֆիլմ ենք արել: Վախենում եմ որևէ մեկին մոռանալ:
-Շատերը, երբ լսում են Մհեր Մկրտչյան անուն-ազգանունը, անմիջապես մտաբերում են Ձեր հորեղբորը` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանին: Հաճա՞խ եք բախվել այդ հաճելի «խնդրին»:
-Ես հանգիստ եմ դրան վերաբերում: Իհարկե, ամեն անգամ, երբ լսում եմ հարցը` արդյոք ես նրա բարեկամ եմ, անկեղծ պատասխանում եմ` այո:
-Ասում են` ամեն արվեստագետ առավել գնահատվում է միայն իր երկրում: Կա՞ նման բան:
-Դժվարանում եմ ասել: Մինչ օրս ես իմ ուղին կերտել եմ Հայաստանից դուրս: Այս հարցի պատասխանը, թերևս, կունենամ, երբ կանեմ որևէ բան այստեղ` Հայաստանում: