18/06/2015 20:11
Որքա՞ն է ծախսում Աիդա Սարգսյանը հանգստի համար և ինչո՞ւ է Ղրիմը Սևանից նախընտրելի
Վերջին շրջանում որքան էլ բողոքում ենք ֆինանսա-տնտեսական ծանր վիճակից, միևնույն է` թակարժեք հանգիստը ամենանախընտրելին է: Թեև, շատերի պնդմամբ, հայաստանյան հանգիստը կրկնակի թանկ է, քան արտասահմանյան:
Aysor.am-ի հարցախույզի էպիկենտրոնում այս անգամ հայտնվել են երգչուհի Աիդա Սարգսյանը և Մուայ Թայ-Բոքսինգի հայկական ֆեդերացիայի նախագահ Էրիկ Օհանյանը:
Աիդա Սարգսյանը հուլիսի 27-ից օգոստոսի 20-ը կանցկացնի Ամերիկայի Միացյալ Նահանգներում: « Ես հուլիսի 8-ին և 9-ին Սոչիում և Անապայում համերգներ ունեմ, այնուհետև բալիկիս հետ կմեկնենք ԱՄՆ: Ակտիվ, հետաքրքիր հանգստի կողմնակից եմ և սիրում եմ ամառային արձակուրդի շրջանն անցկացնել ինձ շատ հարազատ և սիրելի մարդկանց հետ: Նախըտրում եմ այնպիսի երկիր, որը «ջուր և ավազ» ունենալուց զատ նաև տեսարժան վայրեր կունենա: Նաև, պետք է երեխաների համար հետաքրքիր լինի, նրանց առօրյան լցնի»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:
Ըստ Աիդայի՝ ֆինանսական կողմը բոլորովին այլ նրբությու ունի: Ամեն ինչ կախված է նրանից, թե ով ինչպես է տնօրինում իր գումարը. «Ես ինձ հետ այնքան գումար եմ վերցնում, որքան մեզ կբավականեցնի ողջ հանգստի ընթացքում: Բնականաբար, նախատեսում ենք նաև հուշանվերներ գնելու համար: Մի խոսքով, այնքան, որ «չխեղճանամ»»:
Հանգստի ընթացքոմ երբեմն մարդիկ իրագործում են վաղեմի երազանքները: Նման մի դեպք եղավ նաև Աիդա Սարգսյանի կյանքում, երբ գտնվում էր Մալթայում: «Մանկությունից երազում էի` իջնել ծովի խորքը և վայելել այդ գեղեցկությունը: Երբ Մալթայում էի, ինձ բախտ վիճակվեց 30 րոպե ապրել այդ գեղեցկության մեջ: Նույնիսկ, կարողացա ութոտնուկ, ծովային նապաստակ բռնել, իհարկե, համապատասխան ձեռնոցներով»,- եզրափակեց երգչուհին:
Էրիկ Օհանյանը, ով վերջին տարիներին բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, այս տարի արդեն հասցրել է հանգստանալ ծովում, թեև` գործնական մթնոլորտում: «Ադլեր մեկնելու` միանգամից երկու հրավեր ստացա. Մեկը ռեժիսոր Ելենա Արշակյանի կողմից` «Последный полёт» (Անավարտ թռիչք) ֆիլմի Ադլերում կայանալիք պրեմիերային մասնակցելու, մյուսն իմ ընկեր` Ադլերում բնակվող Տիգրան Իգիթյանի կողմից` իրենց տուն այցելելու: Ուրախությամբ գնացի, կարողացա ազատ ժամանակից օգտվել և ծովը վայելել»,- Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Էրիկը:
Սակայն նրա հանգիստն այդքանով չի սահմանափակվում: Ամառային լավագույն օրերը դեռ առջևում են` հունիսի 29-ից հուլիսի 8-ը հանգիստը կվայելի ընտանիքի հետ. «Հիմնական հանգստս պլանավորել եմ անցկացնել Ղրիմում: Կմեկնեմ ընտանիքիս և Մուայ Թայ-Բոքսինգի հավաքականի 15 հոգանոց խմբի հետ: Այնտեղ կանցկացվեն տարբեր խմբերի և տարբեր մարզիչների մարզումներ: Հուսով եմ, ես և իմ ընտանիքը կհանգստանանք` ինչպես հարկն է»:
Մեզ հետ զրույցում մարզիկը ժպիտով նշեց, որ Հայաստանում` Սևանում հանգստանալու համար ծախսվում է 1000 դոլար, իսկ Ղրիմում ընտանիքի հետ 10-օրյա հանգիստը նրա գրպանը «կդատարկի» ընդամենը 200 դոլարով:
Հետաքրքիր դեպքերը նրա կյանքում ևս շատ են եղել, բայց առավել տպավորվել է վրացական արձակուրդը: «Հանգստանալու էինք մեկնել Քոբուլեթի: Առաջին օրը տղայիս ձեռքը բռնած գնացի լողափ` վստահ լինելով, որ ինձ այնտեղ ոչ-ոք չի ճաաչելու: Մեկ էլ նկատեմ` բոլորը ձեռքով ցույց են տալիս ջրի մեջ լողացող` կարծես մահացած մարմին: Նրան ջրից հանեցինք, առաջին օգնություն ցուցաբերեցի: Երբ աչքերը բացեց և բերանից ջուր եկավ, ես երեխայիս հետ հեռացա: Հաջորդ օր այդ կինը մեր հյուրանոցը գտել էր: Ընտանիքով պատրաստվում էինք վերադառնալ, տեսնենք դուրսը հավաքված մարդիկ են, կենտրոնում այդ կինը, ով բարձրաձայնում էր. «Իմ փրկիչին եմ ուզում տեսնել»: Պարզվեց, բժշկի կին է, ազգությամբ էլ հայ: Միայն հայերը կարող են աղի ծովում խեղդվել»,- ժպիտով վերհիշեց և զրույցը եզրափակեց Էրիկ Օհանյանը: