18/06/2015 19:28
Բելգիայի վարչապետը կառավարության անունից ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. Արմենպրես
Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-ին Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության անունից ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
«Ես կարծում եմ, որ 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները պետք է որակվեն որպես ցեղասպանություն, և դա նաև Բելգիայի կառավարության դիրքորոշումն է»,- ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»ˋ վկայակոչելով բելգիական De Morgen լրատվամիջոցին, հայտարարել է վարչապետը պատասխանելով Ֆլամանդական ժողովրդական շարժման պատվավոր նախագահ, պատգամավոր, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագծի հեղինակ Փիթեր դե Ռուվերի հարցին, ով խնդրել է ներկայացնել Բելգիայի կառավարության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի շուրջ:
Ֆլամանադական ազատների և դեմոկրատների կուսակցության անդամ Պատրիկ Դեվալն իր հերթին կարևորել է Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը: «Այսօր մենք ակնհայտորեն դեռ դժվարանում ենք սահմանել այդ փաստը: Դա ցեղասպանություն էր, և կարևոր է, որ մենք այդ մասին աներկբայորեն նշենք նաև որպես պետություն»,- նշել է նա: