19/06/2015 19:46
Եթե 10-ը ծանոթից մեկն ընկեր է, դա արդեն շատ լավ է. Սահմանապահ դերասան Անդրանիկ Ղազարյան
Մի շարք սերիալներից հեռուստադիտողին հայտնի Անդրանիկ Ղազարյանը վերջին շրջանում էկրաններին չերևալու հստակ պատճառ ունի. դերասանը գրեթե մեկ տարի է` ծառայում է հայոց բանակում: Aysor.am-ի հետ զրույցում վերջինս նշեց, որ վերադարձից հետո բոլորովին այլ կերպ, այլ տեսանկյունից է ներկայանալու հանդիսատեսին:
Անձնական կյանքի, սիրո փորձության, հասուն տարիքում` ծառայության և հետագա ստեղծագործական փոփոխության մասին` հարցազրույցում:
-Բավական երկար ժամանակ է` Ձեզ էկրաններին չենք տեսնում, ինչո՞վ եք զբաղվում:
-Այժմ ես գտնվում եմ Մեղրիում` ծառայության մեջ: Դեռևս 10 ամսվա ծառայող եմ:
-Ծառայությունն ինչպե՞ս է անցնում:
-Շատ լավ, հետաքրքիր, հագեցած ու մարտական:
-Տղաները երբեմն խուսափում են ծառայությունից` պատճառաբանլով, որ այդ երկու տարիները իզուր են անցնում:
-Ծառայությունը տղամարդու համար է: Ըստ իս, ծառայությունից հետո մի տեսակ ավելի ես կայունանում, ինքնուրույն դառնում, քեզ պահում, ոչ թե անընդհատ ապավինում ընկերների, հարազատների, ծնողների օգնությանը: Ծառայությունը ցանկացած տղայի օգնում է, որ հետագա կյանքում հաջողությունների հասնի… Իհարկե, համաձայն եմ, որ երկու տարի ժամանակ ես կորցնում, բայց մեկտեղ` բավական ձեռքբերումներ ես ունենում:
-Որքան հասկանում եմ, դուք առավել մեծ տարիքում եք զորակոչվել:
-Այո, 22 տարեկանում:
-Թեև ընդամեը 4 տարվա տարբերություն է, որն այնքան էլ մեծ չէ, բայց, ամեն դեպքում, շփման մեջ դժվարություն առաջանո՞ւմ է:
-Բնականաբար, որոշակի դժվարություններ լինում են… Պետք չի ասել, որ 4 տարին քիչ է, այ բավական ժամանակահատված է. այդ ընթացքում կարող էի երկու տարեկան տղա և մեկ տարեկան աղջիկ ունենալ: Կյանքում շատ բան կարող է փոխվել 4 տարվա ընթացքում:
-Զղջացե՞լ եք, որ ավելի ուշ եք մեկնել ծառայության:
-Բնականաբար: Ամենաճիշտ այն է, որ ամեն մեկն իր տարիքին, իր ժամանակին է ծառայում: Ուղղակի ուսումս ու աշխատանքս ինձ հետ գցեցին:
-Սպայի աստիճան ունե՞ք:
-Ոչ, չեմ էլ պատրաստվում ունենալ: Ես զինվոր է, ով եկել է ծառայի և վերադառնա տուն: Իսկ եթե սպա դառնալու նպատակ ունենայի, կսովորեի ակադեմիայում… Ամեն մարդ պետք է զբաղվի իր սիրած, ցանկալի գործով:
-Անդրանիկ, ասում են, էկրանը հիվանդություն է ձևավորում, որի անուն է կարոտ: Կարոտո՞ւմ եք արդեն էկրանայի կյանքին:
-Ճիշտն ասած` ոչ, չեմ կարոտում աշխատանքային պրոցեսը, բայց ընկեր-կոլեգաներիս շատ եմ կարոտում: Թեև, պարբերաբար գալիս եմ տեսակցության, կարոտս առնում եմ:
-Եթե չեմ սխալվում, դուք մասնագիտությամբ պարող եք, այո՞:
-Ոչ, ուղակի իմ մասնագիտությա մեջ 4 ուղղություն կա` երգ, պար, դերասանություն և բեմական խոսք:
-Եվ Ձեզ ո՞րն է առավել հարազատ:
-Երգը: Ճիշտ է, հանրությունը դեռ ինձ երգչի կարգավիճակում չի տեսել, բայց շատ հնարավոր է` վերադարձից հետո որպես երգիչ ներկայանամ: Այդ ուղղությամբ շատ նպատականեր ունեմ:
-Փաստորեն, վերադարձից հետո Ձեզ այլևս դերասանի կարգավիճակում չե՞նք տեսնի:
-Ամեն ինչ ցույց կտա ժամանակը, տեսնենք` ինչ առաջարկներ կլինեն: Դեռևս, ինքս էլ ոչինչ հաստատ չգիտեմ, մտքումս ամեն-ինչ իրար է խառնվել: Չեմ կարող կենտրոնանալ ապագա գործունեությանս վրա: Դեռ մեկ տարի երկու ամիս պետք է ծառայեմ. քիչ չի, մտածելու բավական ժամանակ ունեմ:
-Եթե շարունակեք որպես երգիչ, այսօրվա տարածված 6/8 ձևաչափո՞ւմ Ձեզ կտեսնենք:
-Ոչ, ոչ: Ես շատ գործեր ունեմ պատրաստած, որոնք հանդիսատեսի դատին պետք է հանձնմ. մեր հին հայկական, ժողովրդական երգերը ջազային ոճում եմ ներկայացնելու:
-Ինչո՞ւ եք որոշել հայկական ժողովրդական երգերին անդրադառնալ, երիտասարդներից քչերն են հիշում երաժշտական այդ ճյուղի մասին:
-Որովհետև բոլորը մոռացել են մեր հայկականը, ես էլ Ձեր նշած քչերից մեկն եմ: Ինձ հարազատ է ժողովրդական երգը:
- Շատ քննադատությունների կարող եք հանդիպել:
-Ամեն լավ բան էլ քննադատվում է… Եթե վատ գործ է, անգամ քննադատներն ուշադրություն չեն դարձնում ու չեն անդրադառնում: Ըստ իս, հաջողված պրոյեկտներն ամենաքննադատվածներն են: Ես չեմ վախենում քնադատություններից, հատկապես, երբ դրանք առողջ են:
-Ի դեպ, կարծում եմ, արտաքին տվյալները թույլ են տալիս նաև մոդելային կարիերայով զբաղվել: Չե՞ք մտածել այդ մասին:
-Ոչ, առաջարկներ շատ եմ ունեցել, բայց չեմ ցանկացել: Չեմ սիրում, դա իմը չի (ժպտում է):
-Անդրանիկ, դուք բավական երիտասարդ տարիքում հայտնվեցիք էկրանների: Որևէ «հովանավոր» ունեի՞ք:
-Ընդհանրապես հովանավոր, ծանոթ չեմ ունեցել, ուղղակի եղել է առաջարկ, ես էլ համաձայնել եմ…Եվ այդպես շարունակվել է:
-Բոլոր գործընկերների՞ հետ եք կապ պահպանում:
-Չէ, շատ քիչ գործընկերներ կան, որոնց հետ մտերիմ եմ և կապը մինչև հիմա պահպանվում է:
-Մարդկանց քի՞չ եք վստահում, քի՞չ ընկերներ ունեք:
-Գիտե՞ք, եթե 10-ը ծանոթից մեկն ընկեր է, դա արդեն շատ լավ է: Ընդհանրապես, լավը երբեք շատ չի լինում:
-Կյա՞նքն է «ընկերների» միջոցով նման դաս տվել:
-Իհարկե, կյանքն ապացուցել է:
-Շո՞ւտ եք հիասթափվում: Կհիշե՞ք մինչ այս եղած Ձեր ամենամեծ հիասթափությունը:
-Շատ շուտ նվիրվում եմ, բայց շատ շուտ էլ հիասթափվում: Բայց նման մեծ հիասթափություն դեռ չեմ ունեցել:
-Իսկ ներողամի՞տ եք, կարողանո՞ւմ եք հետո դիմացինին ներել:
-Այո, ներողամիտ եմ, սակայն հետո շփմանս որակը, ձևը փոխվում է…
-Նախորդ տարի խոսակցություններ տարածվեցին, որ գտել եք Ձեր երկրորդ կեսին և պատրաստվում եք նշանադրվել:
-Այն, որ ընտրյալ ունեմ, ճիշտ էր, բայց նշանադրվել չենք պատրաստվել:
-Իսկ այն, որ այստեղ Ձեզ սիրող ու սպասող ունեք, չի՞ դժվարեցնում ծառայությունը:
-Դժվարեցնում է, բայց դա հաճելի դժվարություն է… Հազարից մեկ է լինում, որ սիրած աղջիկը այդ երկու տարին սպասի իր սիրելիին: Այս հեռավորությունը ստուգում, ապացուցում է սիրո ամրությունը:
-Ձեր սիրելին ի՞նչ մասնագիտություն ունի:
-Իրավաբան է:
-Դժվար չէ՞ ռոմանտիկ դերասանի և լուրջ ու «չոր», հաշվենկատ իրավաբանի հարաբերությունները:
-Չէ, կարծում եմ, ամեն ինչ լավ կլինի: Ի՞նչ է, ռոմանտիկ իրավաբան չի՞ լինում (ծիծաղում է):
-Ընտանիքի միա՞կ զավակն եք:
-Ավագ քույր ու եղբայր ունեմ… Եվ քեռի եմ, և հոպար (ժպտում է):
-Մնում է դառնաք «պապա». ի՞նչ սեռի բալիկ կցանկանաք ունենալ:
-Իսկապես մնում է դառնամ «պապա»… Սեռը կապ չունի, բայց դե, ամեն դեպքում, «տղուս ջանին մեռնեմ» (ծիծաղում է):
-«Աչքի ընկնող» երիտասարդ եք, Ձեր ընտրյալի խանդին հաճա՞խ եք առընչվում:
-Նման տեսարաններ շատ են լինում, բայց երբ բացատրվում ենք, ամեն ինչ հունի մեջ է ընկնում և հարաբերությունները չեն տուժում: Ես երբեք չեմ «օգտագործում» իմ արտաքինը, առիթից օգտվող մարդ չեմ:
-Ինչպե՞ս եք վերաբերում բամբասանքներին:
-Շատ անլուրջ եմ վերաբերում: Սկզբում շատ էի ջղայնանում, բարկանում, բայց հետո հասկացա, որ չարժի անիմաստ նյարդեր քայքայել: Միևնույն է, պարապ մարդիկ միշտ կան, պետք է խոսեն:
-Շնորհակալ եմ, Անդրանիկ, որ ծառայության ընթացքում ժամանակ գտաք և զրուցեցիք մեզ հետ: Ձեզ և մեր բոլոր տղաներին բարի և խաղաղ ծառայություն: Շնորհակալ ենք, որ մեր և ձեր սահմանը պաշտպանում եք:
-Պաշտպանում ենք, որ դուք Ձեզ այդտեղ հանգիստ զգաք: Ես ևս շնորհակալ եմ, որ հիշում ու հետաքրքրվում եք… Թող բոլորն ապրեն լավ, լինեն բարի: Ժողովրդի մեջ թող մաքրություն, պարզություն լինի: