19/06/2015 20:36
Արցախից Եգիպտոս, ծովից՝ լողավազան. Ինչպե՞ս են հանգստանում Անժելա Սարգսյանը, Նարեկ Մակարյանը և Իրինա Հարությունյանը
Յուրաքանչյուրիս կյանքում հանգիստը կարևոր է` լիցքավորվելու և նոր ուժով գործին «կպնելու» համար: Իսկ թե ո՞վ ինչպես է նախընտրում հանգստանալ, Aysor.am-ը շարունակում է ներկայացնել իր ընթերցողներին:
«Ես շատ-շատ եմ երազում հանգստի մասին, սակայն, չգիտեմ, թե երբ հնարավորություն կունենամ մեկնելու: Պատճառն այն է, որ և́ թատրոնում է զբաղվածությունս մեծ, և́ ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ ունեմ, և́ սերիալում եմ կարահանվում, որը մինչև սեպտեմբեր չի ընդհատվելու: Եթե կարողանամ գոնե մեկ շաբաթով ծով մեկնել, ապա հրաշալի կլինի»,- տեղեկացրեց Անժելա Սարգսյանը:
Նա հանգիստը պատկերացնում է միայն ծովում, սակայն պարտադիր այնպիսի երկրում, որտեղ նաև «աչքդ կշոյվի». «Եթե ժամանակ գտնեմ, ապա այս տարի անպայման Եգիպտոս կմեկնեմ դստրիկիս հետ: Երեխաս կայցելի Կահիրեի թանգարան, կծանոթանա եգիպտական բուրգերին»:
Դերասանուհու համար ֆինանսական միջոցներն այնքան էլ էական չեն: Նայած` ով ինչպես է պատկերացնում հանգիստը. «Օրինակ, ես կարողանում եմ այստեղ լողավազանում ևս հանգստանալ. անջատում եմ հեռախոսը, առանձնանում եմ բոլորից, մրգեր և բանջարեղեն եմ վերցնում ու ամբողջ օրը լողում: Դա ինձ համար տեղական հանգստի ամենալավ միջոցն է: Այնպես, որ ֆինանսական մեծ հնարավորություններ պետք չեն: Մարդ կա` տանը մնալով ու ամբողջ օրը քնելով է հանգստանում: Ինձ համար ջրի առկայությունը կարևոր պայման է»:
Մեր զրուցակիցն, ի դեպ, էքստրիմի սիրահար է և նույն ոգով է դաստիարակել դստրիկին: Նման մի դեպք հիշեց նաև Aysor.am-ի համար: «Եթե չեմ սխալվում, 2010 թվականն էր, Թուրքիայում էինք հանգստանում: Պետք է պարապլանով թռչեինք: Երեխայիս հո թուրքերին չէ՞ի վստահելու. որոշեցինք մեզ հետ թռցնել: Նա 4-4,5 տարեկան էր: Գուցե ես մի քիչ խենթ մամա եմ, ինձ շատերն ասում են, որ նա ինձ է «քաշել»` էքստրիմի սիրահար է: Շա~տ էր ուրախացել: Նա այն փոքրիկներից է, որ 6 ամսականից կարուսելներ է նստում: Շատ սպորտային, կոփված երեխա է, նաև հրաշալի լողում է»,-եզրափակեց Անժելա Սարգսյանը:
Դերասանուհի Իրինա Հարությունյանը դեռևս չի որոշել, թե արձակուրդները որտեղ կանցկացնի, սակայն, կարևոր պայմանը, կրկին ծովն է: «Ես լիարժեք միայն ծովում եմ հանգստանում: Այն և́ առողջարար է, և́ հաճելի: Կարծում եմ, հուլիսի 15-ից հետո ընտանիքիս և ընկերներիս միջավայրում կանցկացնեմ հանգիստս»,-մանրամասնեց նա:
Իրինայի համար նախընտրելի է և́ պասիվ, և́ ակտիվ հանգիստը: Ֆինանսական կողմին նա նույնպես կարևորություն է տալիս, քանի որ, ուզես, թե ոչ, առանց գումար հանգստանալ հնարավոր չէ: «Նախընտրում եմ ճանապարհորդել, նոր երկիր ու քաղաք տեսնել: Սակայն վերջին օրերին պարտադիր է շատ պասիվ հանգիստը` ծով, արև, ես… Ինչ վերաբերում է ֆինանսին, բնականաբար, քիչ գումար պետք չի: Չէ՞ որ խոսքը երկրից դուրս հանգստի մասին է: Հստակ մեկ բան կարող եմ ասել` հանգստանալու և ուժերը վերականգնելու «վրա» խնայել պետք չէ: Հանգիստը պետք է լինի լիարժեք: Շատ կանանց գիտեմ, ովքեր իբր հանգստի են գնում, բայց արդյունքում վերադառնում են հոգնած և սպառված: Նրանք ուղղակի տեղափոխություն են կատարում, իսկ հանգստի մնացյալ մասն այնպես է ընթանում, ինչպես տանը»,- ժպիտով նշեց դերասանուհին:
Իրինա Հարությունյանի «արձակուրդներում» նույնպես հետաքրքրաշարժ ու զավեշտալի դեպքեր են եղել: Ինչպես նա է վստահեցնում` իր հետ չես տխրի, միշտ արկածների մեջ է ընկնում:
Երգիչ Նարեկ Մակարյանի համար այս ամառն աշխատանքային է, այդ պատճառով հանգստի միակ տարբերակը կլինի քնի տեսքով: «Ցավոք, ստիպված եմ այս ամառ հանգստի մասին մոռանալ: Քանի որ օրվա մեջ քնում եմ 5, լավագույն դեպքում` 7 ժամ` կախընտրեմ հանգիստս անցկացնել բնության գրկում` քնելով»,- ժպիտով տեղեկացրեց նա:
Ն. Մակարյանը, ի տարբերություն գործընկերների, տեղական հանգստի սիրահար է. «Մարդկանց մի մասը հարմարավետ են զգում շքեղ ու թանկարժեք հյուրանոցներում, սակայն ես նախընտրում եմ հանգստանալ բնության գրկում` կտրվելով առօրյայից: Ինձ համար ամենալավ հանգստյան գոտին Արցախն ու Շուշին են»:
Հետաքրքիր դեպքերից երգիչը հիշեց վրաստանյան հանգիստը. «Լողափին պառկած էի, երկու աղջիկ մոտեցան և խնդրեցին նկարվել: Բնականաբար` չմերժեցի… Մեկ էլ տեսնեմ բոլոր աղջիկները դեպի իմ կողմ են գալիս` նկարվելու: Հասկանալով, որ ավարտվեց իմ հանգստյան օրը, փորձեցի մի կերպ ինձ «փրկել». Աղջիկներին «տեղեկացրեցի», իբր ափի մյուս կողմում Արամեն է հանգստանում: Եվ գիտե՞ք ինչ եղավ. աղջիկների մի մեծ բանակ ինձ հետ նկարվելուց հետո ամիջապես ուղևորվեց դեպի Արամե»,-ծիծաղելով վերհիշեց մեր զրուցակիցը: