19/06/2015 10:03
Մշակույթի նախարարությունը ստո՞ւմ է. Օձունի վերանորոգման հետքերով
Ապրիլին հայտնի դարձավ, որ մոսկվաբնակ բարերար Մովսես Ձավարյանը դադարեցրել է Օձունի եկեղեցու վերանորոգման ֆինանսավորումը, թեև անհրաժեշտ կարևոր աշխատանքները հենց եկեղեցում ավարտին հասցվել էին: Ըստ որոշ խոսակցությունների՝ բարերարը հրաժարվել է շարունակել ֆինանսավորումը, քանի որ դեմ է, որպեսզի եկեղեցիում «եվրանորոգում» արվի, ինչը այդքան տարածված է հնագույն եկեղեցիների վերանորոգման աշխատանքներում՝ օրինակ, Հաղարծինը վկա: Բացի այս, կա նաև մեկ այլ պատճառ ևս՝ եկեղեցու ջրահեռացման աշխատանքների նախագիծ նրան այդպես էլ հատկացված չի եղել: Մի խոսքով՝ մոսկվայաբնակ բարերարին նեղացրել են:
Սակայն Մշակույթի նախարարությունից Aysor.am-ի հարցմանն ի պատասխան պնդեցին, որ Օձունի եկեղեցու վերականգնման աշխատանքները ըստ ժամանակացույցի ավարտին հասցված են:
-Մոսկվաբնակ բարերար Մովսես Ձավարյանը դադարեցրել է Օձունի եկեղեցու վերանորոգման ֆինանսավորումը: Պատրաստվո՞ւմ է արդյոք մշակույթի նախարարությունը, որը 2010 թ. 20 մլն դրամ էր հատկացրել, այժմ ևս գումար հատկացնել կիսատ մնացած աշխատանքներն ավարտին հասցնելու համար:
-ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի Սբ Աստվածածին (պետ. ցուցակում՝ Սբ Հովհաննես) եկեղեցու վերանորոգման աշխատանքները դադարեցված չեն, այլ համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերի և ժամանակացույցի հասցվել են ավարտին: Պետական բյուջեով գումար է հատկացվում բացառապես հրատապ և խիստ վտանգված հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների համար:
-Որքա՞ն գումար է հարկավոր գործն ավարտին հասցնելու համար:
- Ցանկացած հուշարձան մշտապես վերականգնման կարիք ունի և ՀՀ մշակույթի նախարարությունը հետևողական է այդ հարցում: Կրկնում ենք, որ նախատեսված աշխատանքները հասցվել են ավարտին:
-Մինչ օրս որքա՞ն գումար է ծախսվել եկեղեցու վերանորոգման վրա:
-2011 թ. ՀՀ մշակույթի նախարարությունը պետական բյուջեից գումար է ներդրել ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի Սբ Աստվածածին եկեղեցու նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման համար, իսկ հուշարձանի վերականգնման աշխատանքներն իրականացվել են 2012 թ. մարտի 23-ին, ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու և «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի միջև եռակողմ կնքված հուշագրի շրջանակներում՝ բարեգործական հիմնադրամի միջոցներով: 2012-2014 թթ. հուշարձանի վերականգնման աշխատանքների իրականացման համար ներդրվել է մոտ 269.3 մլն ՀՀ դրամ:
Ուժեղացվել են տաճարի գմբեթարդն ու թաղածածկերը, ամրացվել գմբեթարդում առկա ճաքերը, ամբողջությամբ փոխվել են եկեղեցու ծածկասալերը, վերականգնվել են հյուսիսարևելյան և հարավարևելյան զանգաշտարակները, երկրորդ հարկի ավանդատների փլուզված թաղածածկերը, քիվերը, լրացվել են վերջինիս բացակայող հատվածները, հեռացվել է պատերի խոտածածկը, իրականացվել են արտաքին երեսապատերի քանդում-վերաշարումը, կրացեմենտային հեղուկ շաղախով միջուկի ներարկումներ են կատարվել և արտաքին երեսապատը կարանախցվել է: Վերանորոգվել դեպի եկեղեցի տանող դարպասը:
Սա Մշակույթի նախարարության պատասխանն է, որը, թերևս, հենց այդպիսին էլ պետք է լիներ, առավել ևս, որ հարցումն ուղարկվել է դեռ ապրիլին, իսկ պատասխանը մենք ստացել ենք երկու օր առաջ: Այսինքն՝ սահմանված ժամկետում հարցման պատասխանը հերիք չէ ուշ ենք ստացել , մի բան էլ, պարզվում է, այն այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Եվ սա ոչ թե մեր կարծիքն է, այլ....
«Hetq.am»-ի ապրիլյան հրապարակման տակ, որը և նվիրված էր ֆինանսավորման դադարեցմանը, Տեր Վրթանես քահանա Բաղալյանը հետևյալ գրառումն է արել.
«Իսկական ապատեղեկատվությունը Օձունի վերածնունդի անվան տակ հանդես եկողների տարածած սուտն էր, որ իբր՝ Օձունի վերականգնումն ավարտված է: Որևէ մեկի քննադատելու ցանկություն չունեմ, այլ ուղղակի սիրտս պայթում է, որ հիմնադրամի փողերով գնված բետոնխառնիչը, բանվորների ճաշելու և շինանյութերի համար նախատեսված կառույցը, գնված և չտեղադրված մեծ քանակի քարերը, ավազը և այլն անիմաստ կկորչեն: Շինարարն Օձունից կտանի կռունկը, աշխատողների համար նախատեսված տնակները, կանջատվի եռաֆազ հոսանքը և այլն: Կրկին վերականգնում սկսելը բավական կբարդանա: Օձունի համաշխարհային մեծ արժեք ունեցող չքնաղ տաճարն էլ կրկին կարժանանա իր հետ 90-ականներին պատահած անմարդկային վանդալիզմին: Օձունի վերականգնումը կբարձրացնի մեր աշխարհիկ և հոգևոր իշխանությունների հեղինակությունը բազմաթիվ այցելուների մոտ, աշխատատեղ կապահովի վերականգնմամբ զբաղվողների համար և մեծագույն խթան կհանդիսանա տուրիզմի և հոգևոր կյանքի զարգացման ու առաջընթացի համար»:
Այս մասով, ինչպես ասում են, մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին՝ անկախ նրանից, թե սպիտակ թղթի վրա սևով Մշակույթի նախարարությունը մեզ ինչ է պատասխանել, չհավատալ մի մարդու, ով հենց ներսում է ու լավ գիտի, թե որը որից հետո է դժվար թե մեկը հանդգնի:
Հրապարակումն էլ ավարտենք հենց Տեր Վրթանեսի գրառմամբ.
«Հուսով եմ, որ Աստծո ողորմածությամբ Օձունի հիասքանչ տաճարի վերականգնման գործն անավարտ չի մնա: Մշակույթի նախարարությունը 2010-ին՝ մինչ հարգարժան բարերարի կողմից հիմնադրամի հիմնումը, շուրջ 20 միլիոն դրամի հատկացում էր կատարել Օձունի վերականգնման նախագծի, նախահաշվի և լաբորատոր փորձաքննության համար և պատրաստ էր ամբողջ վերականգնումը ֆինանսավորել: Կարծում եմ, որ Մշակույթի նախարարարությունն իր առաքելությանը հավատարիմ կշարունակի և ավարտին կհասցնի Օձունի եկեղեցու վերականգնման ազգանվեր գործը»: