22/06/2015 21:18
Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը միացավ ցուցարարներին. Ես այստեղ եմ, որ բախում չլինի
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում հավաքված երթի մասնակիցներին միացան նաև Հայ Առաքելական սուրբ եկեղեցու երկու սպասավորներ՝ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և տեր Ասողիկ Կարապետյանը:
«Ես այստեղ եմ, որպեսզի բախում չլինի: Այստեղ եմ, որ երթը խաղաղ շարունակվի»,- ասաց Բագրատ սրբազանը՝ հայտնվելով ցույցի մասնակիցների և ոստիկանների միջև:
Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ընթացքող նստացույցին և երթին մասնակցում են հարյուրավոր մարդիկ: Ազատության հրապարակից երթով շարժվելով դեպի Բաղրամյան 26՝ ցուցարարները պնդում են, որպեսզի Նախագահ Սերժ Սարգսյանը կասեցնի էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումը՝ առանց իրենց հետ հանդիպելու:
Մինչ այդ, երկրի Նախագահը պատրաստակամություն էր հայտնել հանդիպելու ցույցի կազմակերպիչների պատվիրակության հետ՝ 4-5 մարդ, սակայն ցուցարարները պնդում են, որ իրենց նպատակը ոչ թե Նախագահին հանդիպելն է, այլ՝ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության կասեցումը: