23/06/2015 21:49
Նիլս Մուժնիեկս. Ես լրջորեն մտահոգված եմ Երևանում այսօր տեղի ունեցած խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը անդրադարձել է հունիսի 23-ի լուսաբացին Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիային:
«Ես լրջորեն մտահոգված եմ Երևանում այսօր տեղի ունեցած խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ: Տեղեկությունները, որ ստացել եմ լրագրողների դեմ կիրառված բռնության դեպքերի, նրանց ձերբակալության և նրանց սարքավորումները վնասելու մասին, շատ մտահոգիչ են: ԶԼՄ-ները պետք է հնարավորություն ունենան աշխատելու անվտանգ և ազատ միջավայրում:
Ես Հայաստանի իշխանություններին կոչ եմ անում հարգել մարդու իրավունքների պաշտպանության առումով իրենց պարտականությունները, մասնավորապես` խաղաղ հավաքների ազատության և խոսքի ազատության հետ կապված, և հաշվի առնել դա ձերբակալության ժամանակ օրինապահների կիրառած ուժի և չարաշահման դեպքերում», - ասվում է եվրոպացի պաշտոնյայի Facebook-յան էջում տեղադրված հաղորդագրության մեջ: