23/06/2015 19:04
Լուսադեմին բերման ենթարկված ԱՄՆ քաղաքացու հարցով դիմել են դեսպանատուն ու տեղափոխել Նարկոլոգիական կլինիկա
Այսօր լուսադեմին ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկվածների թվում էր նաև ԱՄՆ քաղաքացի Սարո Բաբայանը: Քիչ առաջ նա ազատ արձակվեց ու տեղափոխվեց Նարկոլոգիական կլինիկա՝ ստուգման համար:
«Ազատություն» ռ/կ հետ զրույցում Սարոն նշեց, որ իրեն բերման ենթարկելուց հետո կապվել են նաև Միացյալ Նահանգների դեսպանատուն:
«Մեզ վատ չէին վերաբերվում: Միայն թե երբ ասացինք, որ ծարավ ենք՝ ցույց տվեցին զուգարանը, թե այնտեղից կարող եք միայն ջուր խմել»,- պատմեց Սարոն:
Նշենք, որ նրա հետ միասին կլինիկա են տարել 30-ից ավելի քաղաքացիների: Այդ թվում՝ կանանց ու աղջիկների: Նրանց ենթարկում են նարկոլոգիական փորձաքննության: