23/06/2015 11:13
Թամար Կապրելյանի հեղինակած երգը պատրաստ է. Կայացավ «The otherside» երգի պրեմիերան
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի անդամ Թամար Կապրելյանի հեղինակած երգը «Եվրատեսիլ-2015»-ի մասնակիցների կատարմամբ պատրաստ է: Կայացավ երգի համացանցային պրեմիերան: Այս մասին հայտնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:
«The otherside» (Մյուս կողմը) խորագիրը կրող երգը, կատարում են «Genealogy» խմբի անդամներ Թամար Կապրելյանը, Ստեֆանի Թոփալյանը, ինչպես նաև սիրված մրցույթի` Ալբանիայի, Էստոնիայի և Հունաստանի այս տարվա ներկայացուցիչները:
Երգի երաժշտության և խոսքերի հեղինակ Թամար Կապրելյանի խոսքով` նմանատիպ համագործակցություններն առաջին հերթին նպաստում են նոր ծանոթություններ, կապեր հաստատելուն կամ եղածն ավելի ամրապնդելուն, ինչը միշտ հետաքրքիր է և, որպես կանոն, անսպասելի արդյունքների է հանգեցնում: «Ես չափազանց ուրախ եմ, որ երգն այսօր արդեն իրականություն է: Հույս ունեմ, որ մեր երկրպագուները կսիրեն երգը. դա ամենարակարևորն է»:
«The otherside» երգը խաղաղության և միասնության կոչ է, ինչպես նաև յուրահատուկ նվեր մրցույթի 60-րդ հոբելյանին: