23/06/2015 18:15
Հայտարարություն. Լրագրողների դեմ ոստիկանները գործում էին հատուկ հրամանով
Այսօր լուսադեմին ոստիկանության հատուկ գործողությունների ժամանակ տուժեցին մոտ նաև մոտ մեկ տասնյակ լրագրողներ, ովքեր կատարում էին իրենց մասնագիտական պարտքը:
Ոստիկանական բաժանմունքներից ազատվելուց հետո նրանք հանդիպեցին իրենց գործընկերներին:
Hetq.am-ի լրագրող Հրանտ Գալստյանը նշեց, որ Բաղրամյան պողոտայում ու Ազատության հրապարակում էր որպես քաղաքացի, ով պայքարում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Նա ընդգծեց՝ լրագրողների դեմ ոստիկանները գործում էին հատուկ հրամանով:
«Երբ ինձ նստեցրեցին ոստիկականական մեքենան, այնտեղ էին ևս երկու լրագրողներ՝ Փայլակ Ֆահրադյանն ու Մկրտիչ Կարապետյանը: Նրանք անընդհատ կրկնում էին, որ լրագրողներ են, սակայն ոչ ոք դա չէր լսում»,- պատմեց Հրանտ Գալստյանը:
Hetq.am-ի մեկ այլ լրագրող՝ Անի Հովհաննիսյանին քաղաքացիական հագուստով ոստիկանները հետապնդել են մինչև Սայաթ-Նովա փողոց.
«Մեզ նստեցրեցին առանց պատուհանների ոստիկանական մեքենան ու տարան Կենտրոնի ոստիկանություն: Ինձ հետ էլ կային լրագրողներ, ովքեր ունեին փաստաթուղթ, սակայն դա հաշվի չէր առնվում»,- ասաց Անին:
News.am կայքի լրագրող Աիդա Հովհաննիսյանն էլ նշեց, որ բռնության չի ենթարկվել, սակայն նրանից խլել են տեսախցիկը, որը մինչև այժմ չի վերադարձվել:
«Մենք դրա մասին հրապարակում ենք արել ու հույս ունենք, որ այն կընդունվի որպես հանցագործության մասին հաղորդում»,- ասաց Աիդան:
Լրագրողների մի մասը չնայած հույսեր չունի դատաիրավական համակարգից, սակայն տեղի ունեցածի վերաբերյալ կդիմի դատարան:
Նշենք, որ բացի ասուլիսին ներկա լրագրողներից ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել նաև 1in.am կայքի օպերատորները, «Ազատություն» ռ/կ լրագրողները, «Ասպարեզ» լրագրողների ակումբի ղեկավարը, «Գալա» ԹՎ-ի լրագրողը, Արմենիա ՀԸ «Ժամը» լրատվականի լրագրողն ու օպերատորը, Panarmenian.net-ի ֆոտոլրագրողը և լրագրողը, Photolur.am-ի ֆոտոլրագրողը, News.am-ի ֆոտոլրագրողը և մեր այլ գործընկերներ:
Բացի այդ կոտրել, վնասել կամ խլել են նրանց տեխնիկան՝ տեսանկարահանող սարքերը: