24/06/2015 13:08
Թ.Պողոսյան. Անհնարին ոչինչ չկա, ՀԾԿՀ-ն կարող է որոշումը կասեցնել
Ամբողջ գիշեր Բաղրամյան պողոտայում եմ եղել. իսկապես փայլուն երիտասարդություն ունենք: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը.
«Սկզբնական շրջանում փոքր-ինչ լարվածություն կար, բայց գիշերը հնարավորություն տվեց պահանջատեր երկտասարդությանը և ոստիկաններին բանակցելու տարբեր հարցերի շուրջ: Իսկ մենք պայմանավորվել էինք, որ չենք միջամտելու, քանի որ մեր խնդիրն էր նոր բռնությունները թույլ չտալ»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը՝ նշելով, որ կենդանի պատնեշը, որ ստեղծել էին հայտնի անձինք, հնարավորություն տվեց խուսափել նախորդ գիշերվա կրկնությունից:
Նրա կարծիքով՝ ցանկացած սպասելիք գալիս է նրանից, թե ինչքան ճիշտ ես ծրագրավորում գործողություններն ու ինչքան համառությամբ ես կարողանում դրանք կյանքի կոչել:
«Պետք է հասկանանք, սակայն, որ անհնար է ամբողջ օրը մնալ այնտեղ և պահել այդ կենդանի պատնեշը, անհրաժեշտ է հերթափոխ սահմանել: Երիտասարդների պահանջները շատ պարզ են ու հստակ, իսկ եթե մյուս կողմը ուզում է խնդիրը լուծել, ապա նույնպես պետք է կարողանա հստակ ու նորմալ իր տեսակետները ներկայացնել և ոչ թե միայն ասել, թե եկեք 4 կամ 5 հոգով բանակցենք: Նոր մոտեցումներ են պետք»,- շեշտեց Թևան Պողոսյանը:
Պատգամավորը հույս հայտնեց, որ ջանքերը արդյունք կտան, բռնություններ այլևս տեղի չեն ունենա և քաղաքակիրթ մեխանիզմների գործադրմամբ խնդրին լուծում կտրվի.
«Անհնարին ոչինչ չկա, նույն ՀԾԿՀ-ն կարող է որոշումը կասեցնել: Մինչև օգոստոսի 1-ը ժամանակ ունենք քննարկելու, վերանայելու, բացատրելու : Ես վստահ եմ, որ որևէ մեկը Հայաստանի թշնամին չէ»,- հավելեն նա: