24/06/2015 12:50
Կան երիտասասարդներներ որոնց շնորհիվ ժողովրդական երգը մշտապես կմատուցվի անաղարտ ու մաքրամաքուր
Երգչուհի Եվա Եգանյանը, ով առավել ծանոթ է «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծից, շուտով կներկայանա նոր երգով և տեսահոլովակով: Aysor.am-ի հետ զրույցում վերջինս անդրադարձավ ժողովրդական երգերով հաջողությունների հասնելուն, գումար վաստակելուն և հետագա գործունեությանը:
-Շատերը քեզ հիշում են «Ժողովրդական երգիչ» նախագծից, հետո ինչո՞վ էիք զբաղված;
-Զբաղված էի իմ անհատական կարիերայով: Երգեր եմ ձայնագրել, ունեցել եմ բազմաթիվ համերգներ թե́ Հայաստանում, թե́ նրա սահմաններից դուրս: Չորս անգամ համերգային շրջագայությամբ եղել եմ ԱՄՆ-ում: Այդ ընթացքում ավարտել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի մագիստրատուրան: Ինչպես նաև ընդունվել եմ աշխատանքի «Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլ»-ում`որպես մեներգչուհի:
-Մաքրամաքուր, անաղարտ կերպով ներկայացնում եք ժողովրդական, գուսանական երգերը, թեև կոմպոզիտորի մասնագիտություն եք ստացել: Լրացնո՞ւմ են իրար, թե՞…
-Շնորհակալ եմ: Նշեմ, որ շատ ուրախ եմ, որ ունեմ կոմպոզիտորի մասնագիտություն, չնայած այն փաստին, որ մանկուց երգել եմ և ստացել եմ վոկալ կրթություն երեք ժանրերում` դասական, էստրադային ապա ժողովրդական: Իսկ իմ մասնագիտությունն օգնում է ինձ իմ երգերի մեջ, քանի որ երգին մոտենում եմ ոչ միայն երգչուհի, այլ նաև որպես երաժիշտ:
-Հիմնականում այսօր ձգտում են «տաշի-տուշի երգել», որ գումար վաստակեն: Ձեր երգացանկում կա՞ն այդպիսի երգեր:
-Իմ երգացանկը բազմաոճ է և բազմաժանր: Երգացանկիս մեջ կան ժողովրդական ուրախ և արագ երգեր, որոնց ներքո կարելի է պարել և ուրախանալ:
-Կոնսերվատորիայի կրթությամբ, լավ ձայնային տվյալներով օժտված երիտասարդներն անգործ են, դուք ինչպե՞ս եք գումար վաստակում:
-Ինչպես նշեցի, ունեմ պետական աշխատանք, իսկ դրանից զատ, ունենում եմ համերգային հրավերներ, ինչպես նաև անհատական տարբեր հրավերներ:
-Որքան գիտեմ, երկու տեսահոլովակ ունեք, ո՞ւմ հետ եք համագործակցում:
-Առաջին տեսահոլովակը եղել է զուգերգ Սամսոն Պանյանի հետ` «Սերդ ընձի վառել ա» երգի հիման վրա: Երգի հեղինակն է Գրիգոր Բանանցը, իսկ ռեժիսորը` Վահե Տերտերյանը: Երկրորդ տեսահելովակը «Երկիր իմ սուրբ» երգն է, որի երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերի հեղինակը` լոս անջելեսահայ տաղանդավոր բանաստեղծ Կայլակը, իսկ ռեժիսորը Մարթին Քալուսն է: Երգն էստրադային ժանրում է:
-Արդեն ունեք նոր` երրորդ տեսահոլովակ: Կմանրամասնե՞ք: Ոճային փոփոխություն կա՞:
-«Ասա ինչու» երգի տեսահոլովակը, որի պրեմիերան կկայանա հունիսի 24-ին, շատ գեղեցիկ երգ է` գրված ինձ համար: Քանի որ այդ երգի առաջին կատարողը ես էի, այդ պատճառով էլ ցանկացա, որպեսզի տեսահոլովակի միջոցով երգը ունենա պատմություն և ապրի շատ երկար: Երգը պատկանում է ժողովրդական ժանրին: Երգի հեղինակն է Գրիգոր Բանանցը: Ռեժիսորը Վասիլ Շահբազյանն է: Կարծում եմ ,տեսահոլովակն իր ոճում յուրահատուկ է: Աշխատել եմ պրոֆեսիոնալ թիմի հետ: Կան պարողներ, փոքրիկ տեսարաններում պարել եմ նաև ես:
-Եթե ասում ենք գուսանական երգ, այն միանգամից զուգակցվում է ժողովրդական նվագարանների հետ: Պարտադիր է, թե՞ մոտեցումը կարող է տարբեր լինել և որակական կորուստ չի լինի:
-Դա կախված է տվյալ երգից: Այսօրվա լսարանը նորություն է ուզում: Կան երգեր, որոնք պետք է ուղղորդվեն միայն ժող նվագարանների ուղեկցությամբ: Բայց նաև կան երգեր, որոնք հնարավորություն են տալիս գործիքավորել նոր` ժամանակակից մոտեցմամբ` չդիպչելով, չաղավաղելով երգի բուն մեղեդին:
-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:
-Այժմ աշխատում եմ առաջին ձայնասկավառակիս վրա, որի շնորհանդեսը կլինի աշնանը: Այստեղ զետեղված կլինեն միայն ժողովրդական ժանրի երգեր: Նախատեսվում են նաև նոր տեսահոլովակների նկարահանումեր: Կփորձեմ հանդես գալ միշտ նորություններով: Հետագայում կթողարկվի ձայնասկավառակ նաև էստրադային ժանրի երգերով: