24/06/2015 15:56
Հերմինե Նաղդալյան. Սա իսկապես նվաճում էր
«Մենք հասանք նրան, որ ԵԽԽՎ-ն չընդունեց ադրբեջանցիների «պատվիրած» ձևակերպումը, այլ արձանագրվեց «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտ» ընդունելի և բանակցային գործընթացում կիրառվող բառապաշարին հարիր արտահայտությունը: Չասեմ «հաղթանակ» կամ «պարտություն», որովհետև չեմ սիրում ամեն ինչ սև ու սպիտակի մեջ տեսնել ու բարձրագոչ բառեր ասել, բայց սա իսկապես նվաճում էր, որ արդյունք էր ամբողջ պատվիրակության մեծ աշխատանքի»,- Ստրասբուրգից Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով երեկվա դեպքերին, երբ ԵԽԽՎ-ն աղմկահարույց զեկույցից հանեց անընդունելի ձևակերպմամբ մի պարբերություն:
Հիշեցնենք, նախօրեին Ադրբեջանը տանուլ տվեց ԵԽԽՎ-ում, քանի որ այդքան երկար փափագած զեկույցից, որն անդրադառնում էր Ադրբեջանում ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը, դուրս բերվեց Հայաստանի կողմից անընդունելի ՝ «Վեհաժողովը լիովին տեղյակ է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մյուս 7 տարածքների բռնազավթման մասին, որը Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերխնդիրն է» պարբերությունը։
Հ.Նաղդալյանը հիշեցրեց, որ զեկույցը վերաբերում էր Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքին, քաղաքացիական հասարակությանը, մամուլի վիճակին և այս ամենը պետք է զեկույցի բուն նպատակը հանդիսանար: Բայց ադրբեջանցիները մտածել էին զեկույցը օգտագործել երկու նպատակներով, նախ՝ նոր թեմա ստեղծել, ԵԽԽՎ-ի համար առավել թեժ ու առավել հետաքրքիր, որն ինքնին ուշադրությունը կշեղի զեկույցի բուն թեմայից ու իրենց երկրում ստեղծված խայտառակ իրավիճակից.
«Երկրորդ, նրանք այդքան փող էին ծախսել, այդքան ջանք էին գործադրել, որպեսզի զեկույցը օգտակար դառնա Լեռնային Ղարաբաղի խնդրի ադրբեջանանպաստ լուծմանը: Չէ որ «Լեռնային Ղարաբաղի և յոթ շրջանների օկուպացիա» ձևակերպում երբևէ չի եղել, դա դիտվելու էր մեծ նվաճում: 2005-ին ընդունված 1416 բանաձևում արձանագրված «օկուպացիա» բառից 10 տարում արդեն հնարավորը քամել էին և 10 տարի հետո ուզում էին հաջորդ քայլն անել: Փաստորեն՝ ժողովրդավարության վիճակի մասին զեկույցում ինչ էլ գրված լիներ, հետագայում ադրբեջանական քարոզչությունն առանձնացնելու էր հենց այդ մի կետը և մնացածը բարեհաջող մոռացության էր մատնվելու»,- ասաց նա:
Հայկական պատվիրակության ղեկավարը նշեց, որ իրենց լոբբիստների հետ պայմանավորվածությունը եղել էր հետևյալը՝ ինչ գրում եք գրեք, բայց անպայման այդ մի կետը պարտադիր պիտի լինի, որով Բաքուն իրեն լիովին բավարարված կզգա: ԵԽԽՎ պատվիրակները սակայն, հիշեցրեց նա, լիագումար նիստում իրենց ելույթներում չընդունեցին այդ տեսակետը, նրանք մեղադրում էին քաղաքացիական հասարակության, իրավապաշտպանների, լրատվամիջոցների վիճակի համար և հենց այդ խնդիրներն էին բարձրացնում: Նրանք ընդունում էին, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարևոր է, բայց արդյո՞ք այդ խնդրի մասին խոսելու տեղը ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին քննարկումն է և շեշտում էին, որ բացարձակապես անթույլատրելի է հակամարտությունն օգտագործել ժողովրդավարական ինստիտուտների գործունեության ձախողման մասին խոսելիս, առավել ևս պատճառաբանել ձախողումը այդ հարցով.
«Մենք հասանք նրան, որ ԵԽԽՎ չընդունեց ադրբեջանցիների «պատվիրած» ձևակերպումը, այլ արձանագրվեց «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտ» ընդունելի և բանակցային գործընթացում կիրառվող բառապաշարին հարիր արտահայտությունը: Սա իսկապես նվաճում էր, որ արդյունք էր ամբողջ պատվիրակության մեծ աշխատանքի: Կուլիսային, անհատական, մեկ առ մեկ զրուցել ենք պատվիրակությունների անդամների, քաղաքական խմբերի, հանձնաժողովների անդամների հետ և իսկապես գոհ ենք, որ այսքան ջանքերն ու մանրակրկիտ, անհատական աշխատանքը արդյունք տվեց»,- նշեց նա հավելելով, որ ի վերջո, բոլորն էլ լավ հասկանում են ստեղծված վիճակը և գիտեն՝ ով ով է ու ինչն ինչոց է.
«Բայց միշտ չէ, որ իրերն ու երևույթները իրենց անուններն են ստանում»: