26/06/2015 17:33
Վաղը կբացվի «Ֆրեսկո» հոգևոր ֆիլմերի փառատոնը
Այսօր տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 2-րդ փառատոնի բացման ասուլիսը, որի բանախոսներն էին փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն, ծրագրերի ղեկավար Աննա Կարապետյանը, փառատոնի հատուկ հյուր Դմիտրի Բրիկմանը և հոգևոր խորհրդատու Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Փառատոնը բացման արարողությունը տեղի կունենա վաղը՝ հունիսի 27-ին՝ ժամը 20:30-ին, Կարապի լճի տարածքում:
Երեկոյան Երևանը վայելել ցանկացող երևանցիները Կարապի լճում մասնակիցը կդառնան Սանկտ Պետերբուրգից ժամանակ ավազանկարչուհի Դարյա Կոտյուխի ավազե անիմացիային, «Որդան կարմիր» ռոք խմբի համերգի, ինչպես նաև իրենց հետ տուն կտնեն «Ֆրեսկոյի» պատրաստած անակնկալը:
«Փառատոնն ամեն մեկի համար իր նշանակությունն ունի. մեկի համար ֆիլմերի դիտումն է, մյուսի համար կամավորական աշխատանքը, երրորդի համար հաճելի մթնոլորտում քննարկումը և այլն»,- ասաց Աննա Կարապետյանն ու հավելում, որ Կարապի լճից ամեն մեկը կհեռանա իր բաժին ձեռքբերմամբ:
Այս տարի փառատոնն անցկացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ:
«Շատ ողջունելի է, որ գոյություն ունի մի փառատոն, որը որոշել է անդրադառնալ հենց այս ոլորտին: Կարևոր չէ, թե ֆիլմերում հատկապես ինչի մասին է խոսվում, արվեստն ինքնին հոգևոր է, դա է կարևորը»,- նշեց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
«Ֆրեսկոյի»՝ այս տարվա նորություններից մեկը «Հավատ առանց սահմանների» ֆոտոցուցահանդեսն է, որում ներկայացված են լինելու հայտնի իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի աշխատանքները, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցին ներկայացնող այլ լուսանկարներ:
«Ընդամենը մեկ օր է՝ այստեղ եմ, բայց արդեն հմայված եմ Հայաստանով ու հայերով: Այստեղ ներկայացնելու և խոսելու եմ ֆոտոթարգմանության մասին, որին հանգել եմ շատ երկար աշխատանք կատարելու հետո: Դա այն է, երբ տեքստերը թարգմանում ենք լուսանկարների լեզվով: Ինձ մոտ դա հատկապես լավ է ստացվում հայկական դուդուկի երաժշտության ներքո, ինչի համար երախտապարտ եմ Ջիվան Գասպարյանին»,- ասուլիսի ընթացքում ասաց Դմիտրի Բրիկմանը:
Փառատոնային 3 օրերին ցուցադրությունները կանցկացվեն Երևանում՝ Կարապի լճի տարածքում, ևս 3 օր կտևի վրանային կինոճամբարը, որն այս տարի հյուրընկալվում է Հառիճավանքում, իսկ հուլիսի 5-ին Էջմիածնում կկայանա փառատոնի փակման արարողությունը: