26/06/2015 19:48
«Ես մուզիկանտ, չզբաղվել պոլիտիկա». Հայտնիները պայքարում են յուրովի
Բաղրամյան պողոտան շարունակում է մնալ մարդաշատ: Այնտեղ են համախմբվել ԵՐԿՐԻ ՏԵՐԵՐԸ` պայքարելու, պաշտպանելու և կասեցնելու: Aysor.am-ը այս ընթացքում ընթերցողին է ներկայացրել ակցիային մասնակից հայտնիների կարծիքն ու մտահոգությունը: Շարունակում ենք շարքը` հետաքրքրվելով նաև Բաղրամյանից «բացակա» ճանաչվածների կարծիքներով:
«Թատրոն 32»-ի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Կարեն Բաբաջանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ավելի շատ գերադասում է լինել այնտեղ, քան հարցազրույցներ տալ: Սակայն, այս անգամ, թեպետ հոգնածությանը` չզլացավ անդրադառնալ. «Այս նախաձեռնությունն իր ձևով տարբերվեց նախորդներից: Հաջողությամբ պսակվելու հնարավորություն ունի այն պատճառով, որ կենտրոնացած չէ որևէ մեկի ձեռքին: Այդ ո́չ բևեռացված և ո́չ քաղաքական լինելը հաջողության հասնելու հույս է ներշնչում: Օր օրի մարդկանց քանակը շատանում է և ես մտավախություն ունեմ` հանկարծ վատ հետևանքներ լինեն: Հուսամ` խոհեմ կգտնվեն ու ճիշտ որոշում կկայացնեն»:
Ի դեպ, հունիսի 27, 28, 29-ին «32 թատրոն»-ում նախատեսվում են ներկայացումներ: Քանի որ թատրոնը գտվում է Բաղրամյան պողոտայի վրա, Կարեն Բաբաջանյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք պողոտայի փակ լինելը չի խոչընդոտի ներկայացմանը: «Եթե ներկայացումը սկսվելուց թեկուզ երկու ժամ առաջ ցույցն ավարտվի, ապա ներկայացումը կկայանա: Հակառակ դեպքում` տոմսերը կամ կվերադարձվեն, կամ ներկայացումը կտեղափոխվի մեկ այլ օր»,-վստահեցրեց ռեժիսորը:
Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը մեծ ափսոսանք հայտնեց, որ առողջական խնդիրների պատճառով չի կարողանում մասնակցել նստացույցին: «Միշտ հետևում եմ, հետաքրքրվում եմ, բայց շատ եմ նեղվում, որ չեմ կարողանում մեր երիտասարդների կողքին լինել: Չգիտեմ, թե այս ակցիան ինչ արդյունք կտա, բայց վստահ եմ, որ կհասկանան` մենք վաղուց արդեն արթնացել ենք խորը քնից և այլևս մեզ հնարավոր չէ խաբել: Եթե մեզանից ավագ սերունդը մտածում էր. «Ինչ կլինի` կլինի», ապա այսօրվա սերնդի մոտ նման մտածողություն չկա: Անիմաստ է խամաճիկների տեղ դնել մեզ»,-նշեց նա:
Երգիչ, շոու-մեն Սամվել Գրիգորյանը երեկոյան աշխատանքով պայմանավորված` չի կարողանում ցուցարարների կողքին լինել: Բայց դա նրան չի խանգարում աջակցել հայրենակիցներին. «Ես գիշերները փորձում եմ մեր երեխաներին սուրճ, ջրեղեն, ուտելիք հասցնել: Շատ լավ երիտասարդներ են մեծացել, հայրենասեր ու սեփական իրավունքներին տեր կանգնող: Համոզված եմ, բոլոր նրանք, ովքեր հետևում են այս ամենին, ավելի շատ կսիրեն Հայաստանը»:
Շատերը դեմ են արտահայտվում այն հանգամանքին, որ ցուցարարների շարքերը լրացնում են նաև փոքրիկները: «Սա արդարության պահանջ է, որը տարիք ու սեռ չի հարցնում: Բոլորն են անհանգստացած այս խնդրով, բոլորն են ապրում այս իրականության մեջ, իսկ այս երեխաներն էլ մեր ապագան են: Այս կազմակերպվածությունը, այս միասնությունը ինձ հույս է ներշնչում, որ կհասնենք արդարության»,-խոսքը եզրափակեց նա:
Երգիչ Արսեն Գրիգորյանը չի սիրում ցույցերի մասնակցել: «Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի` ինքս դեմ եմ թանկացմանը: Այստեղ հարցը միայն հոսանքի թանկացումը չէ, դրա հետ մեկտեղ ամեն ինչ է թանկանալու, առանց այդ էլ ոչինչ էժան չէ: Չգիտեմ, ինչ կլինի սրա վերջը: Ես միտինգներ, լուսանկարվել և բոլոր կայքերի էջերում հայտնվել չեմ սիրում: Ոչ իշխանամետ եմ, ոչ էլ ընդդիմություն: Ես երաժիշտ եմ, ինչպես ասում են` «Ես մուզիկանտ, չզբաղվել պոլիտիկա»: Սա է իմ մոտեցումը»,-մեկնաբանեց նա:
Մեր զրուցակիցը նշեց, որ որպես ՀՀ քաղաքացի, ուրախանալու և տխրելու առիթներ ունի, սակայն դրանց մասին բարձրաձայնել չի պատրաստվում. «Գերադասում եմ այն ամենին, ինչը իմ ոլորտը չի, չխառնվել: Դա չի նշանակում, որ ես ժողովրդիս կողքին չեմ, ես էլ իրենցից մեկն եմ, բայց չեմ սիրում մասնակցել ցույցերի, նկարվել ու նկարներս տարածել: Իմը երաժշտությունն է, թող մարդիկ հետևեն իմ երաժշտական գործունեությանը: Ես չեմ սիրում ամեն տեղ երևալ»:
Դերասան-երգիչ Ռադիկ Գաբրիելյանը հիացած է երիտասարդների միասնականությամբ, սակայն, կարծում է, որ խնդիրն առավել լուրջ հիմքեր ունի: Մեր այն դիտարկմանը, թե ինչպե՞ս է, որ նրա չենք տեսնում ցուցարարների շարքերում, վերջինս ժպիտով պատասխանեց. «Ես էլ իմ ձևով եմ պայքարում: Եվ հետո, ո՞վ է ասել, որ չեմ լինում, պարտադիր պետք է նկարներս տեսնե՞ք»: