27/06/2015 15:53
БИ-2 ռոք խումբը՝ Բաղրամյան պողոտայի իրադարձությունների մասին. Քաղաքական հարցերի չենք անդրադառնում
БИ-2 ռուսական ռոք խումբն արդեն Հայաստանում է: Այսօր երեկոյան՝ ժամը 19:00-ին տեղի կունենա նրանց համերգը Մարզահամերգային համալիրում, իսկ մինչև այդ համերգի կազմակերպիչներ «Նվիրիր կյանք» հիմնդրամը, «Ucom» ընկերությունն ու ռադիո «Վանը» հանդես եկան ամփոփիչ մասմուլի ասուլիսով:
«Արյունը ոչ կարելի է գնել, ոչ՝ վաճառել, այնպես որ շնորհակալություն ենք հայտնում այն մարդկանց, ովքեր միացան այս շատ կարևոր ակցիային»,- ասաց ռադիո «Վանի» տնօրենը:
Ռադիո «Վանի» հաղորդավար Եգոր Գլումոբվն էլ իր խոսքը սկսեց նախ անդրադառնալով Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրադարձություններին. «Պայքարը շարունակվում է»,- ասաց նա ու անգամ առաջարկեց անջատել ասուլիսի սրահի լույսերը:
«Ցանկանում էինք համախմբել մարդկանց, ստեղծել մի գաղափար, որի շուրջ նրանք կմիանան: Կհանձնեն արյուն, դրանով կփրկեն որևէ փոքրիկի կյանք ու միևնույն ժամանակ կստանան համերգի անվճար տոմս»,- ասաց Եգոր Գլումովը:
Ասուլիսն ներկա էր նաև БИ-2-ի տնօերն Իգոր Դանիլկինը, ով նշեց՝ խումբը շատ անգամներ է միացել նման նախաձեռնություններին:
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ արդյոք խումբն ինչ-որ կերպ կարձագանքի՞ Երևանում այս օրերին ընթացող պայքարին՝ չէ՞ որ ռոքը համարվում է հենց պայքարի, բողոքի երաժշտություն.
«Քաղաքական հարցեր չենք մեկնաբանում»,- պատասխանեց խմբի ղեկավարը՝ մանրամասնելով.
«Պրինցիպալ ոչ մի անգամ, ոչ մի երկրում չենք միանում բողոքի ակցիաներին, որոնք կապ ունեն քաղաքականության հետ»:
Լրագրողներն ու ներկաները, սակայն, ասացին, որ երևանյան ակցիան քաղաքական ենթատեքստ չունի:
Նշենք, որ խմբի անդամները ասուլիսին ներկա չէին, քանի որ Երևան էին ժամանել ուշացումով ու մեկնել էին փորձի: