27/06/2015 16:35
Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսովան, Սոս Ջանիբեկյանը, Նարինե Գրիգորյանը` նոր գեղարվեստական ֆիլմում
Դերասանուհի Մարջան Ավետիսյանն, ում հեռուստադիտողը ծանոթ է նաև «Ֆուլ Հաուս» սիթքոմից` «Տամարա»-ի կերպարով, այս օրերին գտնվում է Արցախում. Նկարահանվում է պարսկահայ ռեժիսոր Անահիտ Աբադի ֆիլմում:
«Ֆիլմը նկարահանվում է բեռլինյան փառատոնին մասնակցելու համար: Հուսամ՝ Հայաստանում ևս պրեմիերա տեղի կուենա: Ղարաբաղյան հետպատերազմյան շրջանի մասին է: Շատ պրոֆեսիոնալ օպերատորական, ռեժիսորական թիմ է աշխատում»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց դերասանուհին:
Ֆիլմի աշխատանքային վերնագիրն է «Եվա»: Մարջան Ավետիսյանը ներկայացնում է ղարաբաղցի կնոջ կերպար. «Ներկայացնում եմ գյուղապետի կնոջ, ով տեսել է ղարաբաղյան պատերազմը: Նա երեխա է կորցնում ոչ թե պատերազմի շրջանում, այլ՝ խաղաղ ժամանակներում: Շատ հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ բավականին բարդ կերպար է: Այս ֆիլմը ներկայացնում է պատերազմի վատ հետևանքները` նույնիսկ ժամանակներ անց. կան մինապատված տարածքներ, որոնց քարտեզը չունենք և մարդիկ նորից շարունակում են զոհվել»:
Ֆիլմում նկարահանվում են միայն հայ դերասաններ, նաև ֆրանսահայ նկարիչ Վրեժ Քասունին: Դերերում են Նարինե Գրիգորյանը, Նանոր Պետրոսյանը, Ռոզի Ավետիսովան, Սոս Ջանիբեկյանը և այլք: