29/06/2015 10:31
Դ. Հարությունյան. Աուդիտ և խորհրդատվություն կանցկացնի միջազգային ճանաչված ընկերություն, կներգրավվեն ակտիվիստներն ու ընդդիմությունը
Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է էներգետիկ համակարգի խնդիրներին՝ ընդգծելով, որ կառավարությունը պլանավորում է էներգետիկ համակարգի զարգացումները՝ մինչև 2036 թվականը: Հիմքում կայանների մաշվածության, էլ. էներգիայի օգտագործման աճի տենդենցներն են, որոնք էլ, ի վերջո, հանգում են սակագնին, ուստի պետք է ընտրել ռազմավարության այնպիսի մոդել, որը կնվազեցնի սակագինը:
Խոսելով ՀԷՑ-ում սպասվող աուդիտի մասին՝ Դ. Հարությունյանն ասել է, որ ՀԷՑ ռազմավարական ընկերություն է, ուստի կառավարությունը շահագրգռված է, որ այնտեղ ամեն ինչ պատշաճ լինի, իսկ ընկերության կառավարման լավ կամ վատ լինելը չի ազդել հոսանքի սակագնի վրա: «Ամենակարևորը աուդիտ և խորհրդատվություն անցկացնող ընկերության ընտրության հարցն է: Իմ նախնական պատկերացումներով՝ պիտի ընտրենք աշխարհի լավագույն 10 ընկերություններից մեկին, խորհրդակցենք հասարակական ակտիվիստների, խորհրդարանական ընդդիմության հետ, որ նրանք այդ ցանկից հնարավորություն ունենալ ընտրել, ենթադրենք, 3-4-5 ընկերություն, որից հետո կանենք մրցույթ, կտեսնենք, թե որ ընկերությունը կառաջարկի լավագույն գինը»,- ասել է նա:
ՀԷՑ սեփականատիրոջ փոփոխության կամ ընկերությունն ազգայնացնելու տարբերակները կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարը չի բացառել, բայց շեշտել է, որ կարևոր սկզբունք կա . պետությունը չպետք է անձամբ կառավարի այդ ընկերությունները: «Մենք որպես օպերատոր, կառավարիչ, պետք է ընտրենք միջազգային ճանաչված ընկերության»,- ասել է նա:
Դ. Հարությունյանը շեշտել է նաև, որ էլ. էներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքողները երկու պահանջ և հարցադրում են բարձրացնում . դեմ ենք թանկացմանը և որքանով է արդարացված թանկացումը, արդյոք մենք վճարելո՞ւ ենք չարաշահումների դիմաց: Վերջին հարցադրումն, ըստ նախարարի, ավելի լուրջ է ձևակերպված. « Ես ամբողջովին կիսում եմ վերջին տեսակետը: Բացարձակապես չեմ կարող համաձայնվել առաջին տեսակետի հետ: Եթե ինչ-ինչ պատճառներով դոլար-դրամ հարաբերակցությունը փոխվեց, և գազը, որը Հայաստանին վաճառվում է դոլարով, թանկացավ՝ դրամային առումով, ապա անխուսափելի է, որ հոսանքը, որն արտադրվում է գազի հիման վրա, թանկանալու է: Այլ խնդիր է՝ որքանով է ճշգրիտ հաշվարկված այս ավելացումը և որքանով է վստահելի իշխանության այն պնդումը, որ այդ ամենի մեջ հաշվարկված չեն չարաշահումները, վատ կառավարումը և այլն: Ես ամբողջովին դրանում համոզված եմ, բայց դրանում պետք է համոզվի նաև հասարակությունը»,- նշել է Դ. Հարությունյանը՝ ավելացնելով, որ խորհրդատվություն իրականացնող ընկերության առաքելությունը հենց դա պետք է լինի: