29/06/2015 20:13
Կարևոր է փորձել ժողովրդին վտանգից հեռու պահել, բայց ոչ «հանձնվելով» ու հեռանալով. Հայտնիները՝ ցույցերի մասին
Բաղրամյան պողոտայից Ազատության հրապարակ ցուցարարների տեղափոխումը շատերին թևաթափեց, այդ թվում և արվեստագետներին: Այսօր ցուցարարների նախկին հանգրվանը կարծես թե դատարկվել է. ոմանք հիասթափված են, ոմանք բարկացած, ոմանք, երևի, հոգնած:
Դերասան Անդրանիկ Հարությունյանը Բաղրամյան պողոտայից Ազատության հրապարակ տեղափոխվելու որոշումը գնահատում է դրական, քանի որ, ըստ իր, իշխանությունը որոշակի քայլեր կատարեց և փոխզիջումների գնաց: «Սա մեծ ու գլոբալ հարցի առաջին փոքրիկ հաղթանակն էր: Եթե ամիսներ անց աուդիտի արդյունքում «Ոչ թալանին» կազմակերպության տղաների, ժողովրդի ուզածով չլինի, բնականաբար, նորից հավաքվելու ենք: Ժողովուրդը վատ վիճակի մեջ է, նույնիսկ հացի փող չունի, իրենք հոսանք ե՞ն թանկացնում: Բայց այնպես չի, որ այդ տղաները տուն են գնացել, նրանք նստացույցը շարունակում են Ազատության հրապարակում` խաղաղ պայմաններում: Իսկ Բաղրամյան պողոտայում, կարծեք, թե քաղաքական միտում է ստանում այդ ցույցը: Ես չեմ ցանկանում քաղաքականության մեջ մտնել, այդ պատճառով էլ ներկա պահին այնտեղ չեմ»,-մեկնաբանեց դերասաը:
Սակայն նա չբացառեց, որ կմիանա ցուցարարներին, թեկուզ միայն այն պատճառով, որ բախումներ չլինեն. «Ես չեմ խառնվի քաղաքական ակցիաներին: Որոշ քաղաքական գործիչներ, ովքեր չկային այդտեղ, վերջին օրը հանկարծակի հայտնվեցին ու սկսեցին ղեկավարել նստացույցը, տղաների կողմից համախմբված մարդկանց: Բայց ես ժամանակ առ ժամանակ կլինեմ Բաղրամյան պողոտայում, իհարկե` արդեն ոչ «առաջին գծում», նաև չեմ գիշերի այնտեղ: Կմիանամ նաև Ազատության հրապարակում հավաքված մեր տղաներին: Սա հասարակական, սոցիալական, քաղաքացիական խնդիր էր, ու ես մեծ սիրով իմ ժողովրդի հետ էի: Թեև, հիմա նաև զբաղվածությունս է մեծ, դրսից հյուրեր ունեմ, դա է նաև պասիվ լինելուս պատճառը»:
Ա. Հարությունյանը համոզված է. եթե սադրիչներ չլինեն և նպատակը չփոխեն, բախումներ չեն լինի: «Պետք է բոլորն այնպես անեն, որ գոնե բախում չլինի: Մեղք է այս ազգը, այսքան տանջվելուց հետո մի հատ էլ զոհեր ու վիրավորնե՞ր լինեն: Պետք չէ մնալ Բաղրամյանում, տա Աստված, մարդիկ իրենց կամքով գնան Ազատության հրապարակ կամ մեկ այլ հրապարակ, որտեղ կցանկանան իրենց պահանջները նրկայացնել»,-եզրափակեց նա:
Օպերայի երգիչ–դերասան Արման Նշանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կցանկանար ժողովրդին միշտ միասնական տեսնել: «Համենայնդեպս, ես ժողովրդի կողքին եմ: Ինքս որևէ բան չեմ որոշում, քաղաքականությունից ոչինչ չեմ հասկանում և դրանից շատ հեռու եմ»,-անկեղծացավ նա:
Դերասանը կշարունակի լինել ցուցարարների կողքին և́ Բաղրամյան պողոտայում, և́ Ազատության հրապարակում. «Կարևոր է, փորձել ժողովրդին վտանգից հեռու պահել, բայց ոչ «հանձնվելով» ու հեռանալով: Պետք է այդտեղ գտնվենք, որպեսզի լարվածությունը հնարավորինս թուլանա: Չի կարելի թույլ տալ, որ անիմաստ տեղը զոհեր լինեն: Տարբեր կողմերից շատ սադրիչներ կան, որ փորձում են խայծ գցել, որպեսզի «կրակ» սկսվի և վերջանա այս ամենը»:
Որքաո՞վ է ճիշտ խաղաղ ցույցը տեղափոխել Ազատության հրապարակ, արդյոք դա ցանկալի արդյունքին կհասցնի. «Կարծում եմ, պետք չէր գնալ Բաղրամյան պողոտայից: Մենք ոչ մի վատ բան չենք անում այնտեղ, ուղղակի մեր դժգոհությունն ենք հայտնում` ցույցի տեսքով: Եթե որոշել ենք այն իրականացնել Բաղրամյանում, ապա պետք է մինչև վերջ մեր ժողովրդի կողքին մնանք, կամ` բոլորս տուն գնանք: Բաժանվելը սխալ էր»:
Արման Նշանյանը երեկ գիշեր է եղել Ազատության հրապարակում գտնվող ցուցարարների մոտ, և չի կարող ասել, թե այդտեղ գտնվելն ի՞նչ կարող է տալ: «Բողոքը չի լինում հարմար ո́չ կառավարությանը, ո́չ ժողովրդին, և ո́չ էլ այն մարդկանց, ովքեր որոշել են տներում նստել ու չբողոքել: Բողոքը բողոք է, կամ պետք է բարձրաձայնել, կամ որոշել լռել ու հարմարվել, ինչին ես դեմ եմ: Ես ժողովրդի կողքի կմնամ, ինչ կորոշի մեծամասնությունը, ես էլ կընդունեմ ու կսատարեմ: Թե չէ արդեն չես հասկանում, թե ժողովուրդն ինչ է ուզում` պայքարել, բայց ապահո՞վ, թե՞… Նման բան չի լինում: Կամ պայքարում ես, կամ չես պայքարում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Aysor.am-ի հետ զրույցում դերասան Լևս Դավթյանը նշեց, որ թեև ինքը տեսակով ակտիվիստ չէ, բայց հնարավորությա սահմաններում սատարում է տղաների նախաձեռնությանը: Երեկվա դեպքերի` ցուցարարների երկու մասի բաժանմանը նրա գնահատականը հետևյալն է. «Ախր այդ տղաները մեղք չունեն, նրանք չէին եկել նախագահականը գրոհելու: Բայց վերջ ի վերջո պետք է հասկանալ, որ սոցիալական պայքարը առանց քաղաքակա պայքարի չի լինում, քանի որ սխալ քաղաքականությունն է ծնել սոցիալական խռովությունը»:
Որպես ՀՀ քաղաքացի, դերասանը վաղուց արդեն հիասթափություններ չի ապրում: «Վաղուց ոչնչից չեմ զարմանում, սցենարն էլ ծանոթ էր ու կանխատեսելի: Մեղավոր ու անմեղ պետք չէ փնտրել, քանի որ բոլորս ենք մեղավոր` ժողովուրդը, ոստիկանը, վերնախավը: Ինձ համար միայն մի բան է անհասկանալի. երբ ժամանակին ծախում էինք կենսական նշանակություն ունեցող «օբյեկտը», ինչո՞ւ չպայքարեցինք, դեմը չառանք: Հիմա տերն իրենք են, ինչ ուզում, անում են: Մի օր էլ իտալացիները ջուրը կկտրեն, ռուսները հեռախոսը կանջատեն… Երբ հնարավորություն կունենանք մեր սահմանները թուրքերից մեր զորքով պահելու, այդ ժամանակ չեն համարձակվի թանկացնեն, մեզ հետ հաշվի կնստեն»,-վստահեցրեց նա:
Մեր զրուցակիցը չթաքցրեց, որ Բաղրամյան պողոտայում միայն մեկ անգամ է եղել. «Ե́վ ցուցարարների մեջ եմ կանգնել, և́ առաջին գծում, բայց չեմ սիրում, երբ դա վերածվում է PR-ի: Եթե ոստիկանությունը որոշի գործողություններ իրականացնել, չի նայելու, թե ով է կանգնած: Վերջին հաշվով, Շարլ Ազնավուրը չի, որ վրայով «չանցնեն»… Չգիտեմ, Աստված տա, ամեն ինչ խաղաղ ավարտվի»:
Թե ի՞նչ ընթացք կունենա այս պահանջ-պայքարը, Լևս Դավթյանը չի կարող կռահել, բայց ունի իր տեսակետը. «Մարդիկ ինչպես ցանկանում են, թող այդպես էլ հասկանան. Ասել եմ, ասում եմ ու կասեմ` հայոց փրկությունը միայն զենքով է լինելու: Երբեք ու ոչ մի երկրում խաղաղ պահանջը չի բավարարվել: Մենք այդ արժեքները կրող ազգ չենք, այդ մենթալիտետը չունենք… Համենայնդեպս, գոնե մի քանի ամսով երկարաձգեցին որոշումը: Բայց վստահ եմ, փոխարենը այլ բան կթանկացնեն. կա պարտք, որը պետք է մարեն: Ում էլ դատեն, ինչ էլ անեն, այդ պարտքը մեր «վզին» է մնացել ու վերջում մենք ենք տալու: Հիմա չեն թանկացնի, վաղը, մյուս օրը ուրիշ եղանակով «քթներիցս կբերեն»:
«Աստված բոլորին պահապան, ինչ անում են, թող անեն, միայ չպառակտեն, չջարդեն: Առանց այդ էլ պառակտված ու ջարդված ենք»,-եզրափակեց դերասանը: