30/06/2015 19:12
Երևանում առաջին անգամ տեղի կունենա Կիթառի փառատոն
Երևանի Կիթառահարների Ասոցիացիան և Գերմանիայի Վուպպերտալի Կիթառահարների Միջազգային Ասոցիացիան համատեղ ներկայացնում են առաջին անգամ Հայաստանում «Երևանյան Միջազգային Կիթառի Փառատոնը», որը կկայանա հուլիսի 6-24-ը:
Փառատոնի նպատակն է միջազգային մակարդակի բարձրացնել Հայաստանում դասական կիթառի արվեստը: Փառատոնը հնարավորություն է տալիս հայ դասական կիթառահարներին ծանոթանալ մեր ժամանակների դասական կիթառի միջազգային դպրոցին:
Հայ երիտասարդ տաղանդավոր դասական կիթառահարները հնարավորություն կունենան ունկնդրել և դասեր վերցնել այսօրվա առաջադեմ միջազգային ճանաչում ունեցող կիթառահար-պրոֆեսորների մոտ:
Փառատոնի շրջանակներում տեղի կունենան բազմաթիվ համերգներ և վարպետության դասեր Երևանի առաջնակարգ դահլիճներում: Փառատոնի հյուրերն են հանրաճանաչ դասական կիթառահար, միջազգային մրցույթների դափնեկիր` Դավիթ Դյակովը (Գերմանիա/Բուլղարիա), Մոսկվայի «Կիթառի Վիրտուոզներ» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, ռուսաստանի Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայի և Մոսկվայի Մշակույթի Պետական Համալսարանի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր՝ Արտյոմ Դերվոեդը (Ռուսաստան), հայտնի կոմպոզիտոր-կիթառահար, Նայմեգենի Պետական Համալսարանի պրոֆեսոր՝ Ռոլֆ Ստրավերը (Նիդերլանդներ):
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա Կամերային Երաժշտության տանը՝ հուլիսի 6-ին ժամը 19:00-ին: Փառատոնի բացմանը ելույթ կունենան «Երևանի Միջազգային Կիթառի Փառատոնի» գեղարվեստական ղեկավար, Երևանի Կիթառահարների Ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի Կիթառահարների Միջազգային Ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր՝ Ժորա Սարգսյանը (Հայաստան/Գերմանիա) և միջազգային մրցույթների դափնեկիր՝ Դավիթ Դյակովը (Գերմանիա/Բուլղարիա):Փառատոնի շրջանակներում տեղի կունենան բազմաթիվ միջազգային և հայկական պրեմիերաներ:
Տեղի կունենա նաև Ռոլֆ Ստրավերի «Stimmen der Vergangenheit» (ձայներ անցյալից) կամերային ստեղծագործության միջազգային պրեմիերան, որը նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյակին՝ գրված հատուկ Ժորա Սարգսյանի համար: Ստեղծագործության պրեմիերան տեղի կունենա Կոմիտասի անվան թանգարանի համերգասրահում՝ հուլիսի 24-ին ժամը 19:00-ին:Փառատոնի գործընկերներն են՝ «Փյունիկ» համահայկական հիմնադրամը և «ԵրազԱրտ» հիմնադրամը: