30/06/2015 20:40
Այս ճանապարհը մեր դեպքում այլընտրանք չունի. Հայտնիները՝ ցույցերի մասին
Բաղրամյան պողոտան շարունակում է մնալ փակ ու մարդաշատ: Նոր պահանջներ, նոր «ասիչներ» ու նոր մարտավարություն: Ինչպե՞ս են գնահատում ստեղծված իրավիճակը ՀՀ քաղաքացի-արվեստագետները:
«Սաքունցների, խզմալյանների կողքին, գտնում եմ, որ անելիք չունեմ: Նրանք սովոր են գան ու սադրեն, փչացնեն, քաղաքականացեն այն ամենն, ինչ արդյունավետ է ու լավ ընթացք կարող է ունենալ: Դա իրենց և իրենց դրսից հովանավորողների տեսակն է` ամեն ինչ քաղաքականացնել»,- Aysor.am-ի հետ զրույցում վրդովված նշեց դրամատուրգ Քրիստ Մանարյանը:
Մեր այն հարցին, թե որքանո՞վ է ճիշտ գտնում` մարդկանց հավաքել այնտեղ և այնուհետև թողնել «բախտի քմահաճույքին», նա պատասխանեց. «Եթե այդ օրը այդ պահին այնտեղ լինեիք, կտեսնեիք, որ իսկապես, շատ-շատ լարված է իրավիճակը: Քանի որ ես քաղաքական նման իրադարձությունների ընդհանրապես չեմ մասնակցում, զգացի, որ այնտեղ հավաքվում են «մարդուկներ», ովքեր ցանկանում են քաղաքականացնել այդ ամենը: Տղաները նման որոշում կայացրեցին` հետագա ավելի մեծ բարդություններից խուսափելու համար… Գիտեք, դա ինքնաբուխ ցասում էր, իսկ նման դեպքերում, երբ մարդկանց կառավարող, ղեկավար չկա, ամեն մեկն իրենն է ասում, ապա այդտեղ կանգնած հազարավոր մարդկանցից յուրաքանչյուրը կարող է գնալ իր ընտրածի հետևից: Պատկերացրեք, ինչ քաոս պետք է լիներ, եթե այդպես շարունակվեր: Եթե մարդկանց մաքուր մղումը շարունակվի, ցանկանան այս թանկացման դեմն առնել, պարտադիր չի դրա համար փողոց փակել»:
Իսկ թե ի՞նչ միջոցներով, ի՞նչ եղանակով է պետք շարունակել` Ք. Մանարյանը պարզաբանեց. «Նախ, դրա համար կա Ազատության հրապարակը, և հետո, ո՞վ է ասել, որ ժողովուրդն իր բոլոր գործերը թողած` ամբողջ ժամանակը պետք է միայն դրանով զբաղվի: Մեր երիտասարդները տեղից շարժեցին այս սայլն ու ժամանակն է, որ ամեն մեկս ինչ-որ ձևով իր խոսքն ասի. պահանջել, որ այդ աուդիտն իսկապես արդար անցկացվի, հասարակության ուշադրության կենտրոնում պահեք այդ ամբողջ գործընթացը: Պետք է ուշադիր լինել: Եթե տեսնենք, որ համոզիչ չի, պետք է նորից հավաքվեք, աղմուկ անեք, մի քիչ ավելի պրոֆեսիոնալ մարդկանց ներգրավեք այդ ամենի մեջ: Ո՞նց են ամբողջ աշխարհում անում»:
Մեր զրուցակիցը հավատացրեց, որ նույնիսկ չգիտի, թե ով է սկսել այս «գործը». «Տղանե՞րն են սկսել, թե ուղղակի միացել են ուրիշներին` չգիտեմ: Ես ուղղակի տեսել եմ ժողովրդի ազնիվ մղումը: «Այդ քանի օրը, որ ես այնտեղ կանգնած էի, պատճառն առաջնահերթ այն էր, որ մեր երիտասարդները նորից «ծեծ չուտեն»: Դա էր իմ հիմնական մտավախությունը: Ոստիկանները մեզ տեսնելով, գոնե ինչ-որ տեղ մեր, այսպես ասած` վաստակը, տարիքը, անունը հարգեին ու նորից ծեծ ու ջարդ չանեին: Այդ լարված օրերին, որ այնտեղ էինք, համոզված էինք, որ նորից ընդհարում կլինի… Չգիտեմ, այսուհետ ինչ կլինի, բայց պետք է խնդրեմ, կոչ անեմ` առավել զուսպ լինել, չմոռանալ, որ երիտասարդ են,-եզրափակեց Քրիստ Մանարյանը:
Ռեժիսոր, պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը, ով ցուցարարների կողքին է եղել ի սկզբանե, հիացած էր երիտասարդների կազմակերպվածությամբ ու նպատակաուղղվածությամբ: Հավատում էր, որ ջանքերը նպատակին հասան. «Մի քանի գիշեր եմ անց կացրել Բաղրամյանում։ Իմ պահանջն էի ներկայացնում և աջակցում էի երիտասարդությանը, որը ելել է պայքարի։ Ամեն ինչ հրաշալի էր ընթանում և օր-օրի ավելի մեծ արդյունք էինք տեսնում, ոչ մի սադրանք տեղ չէր գտնում այդ փայլուն, խելացի, ուժեղ և վստահ երիտասարդների շարքերում։ Բոլորս հստակ գիտեինք, ինչ ենք պահանջում։ Նախագահ Սերժ Սարգսյանը մտածում էր, այո́, նաև օգտագործում մեր` բոլորի այնտեղ գտնվելը` Ռուսաստանի ղեկավարությանը ցույց տալու, որ մենք միասնական ենք և անկոտրում, մեկ գաղափարի շուրջ ենք հավաքվել։ Դա, իհարկե, տվեց իր արդյունքը։ Կարծում եմ, երբ հնչեց նրա հայտարարությունն այն մասին, որ աուդիտ է լինելու, որ ռուսական կողմը զիջումների է գնում, պետք էր սթափ մտածել և հասկանալ, որ դա արդեն հաղթանակի սկիզբն է»։
Շատերը «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների` Բաղրամյան պողոտայից դեպի Ազատության հրապարակ տեղափոխվելու կոչն ու միտումը դավաճանություն որակեցի, այնինչ. «Ես ճիշտ եմ համարում «Ոչ թալանին» շարժման տղաների որոշումը` Բաղրամյանից Ազատության հրապարակ տեղափոխվել։ Չէ՞ որ հենց այնտեղից էր ամեն ինչ սկսվել։ Եվ դա ոչ մի դեպքում նահանջ չէր, առավել ևս` դավաճանություն։ Դա խելամիտ որոշում էր, քանի որ Բաղրամյանում մնալ արդեն կնշանակեր քաղաքական շարժման և հեղափոխության կոչեր հնչեցնելու, առիթը օգտագործելու և ինքնահաստատման փորձ։ Այսօր, երբ Բաղրամյանում են արդեն տարատեսակ անհասկանալի կազմակերպիչներ և քաղաքական տարբեր շարժումներ, որոնք առանց պատկերացում ունենալու, թե հաջորդ քայլն ինչ պիտի լինի, փորձում են կրկնել այն, ինչ անում էին «Ոչ թալանին» շարժման երիտասարդները, բայց շատ ավելի վատ և անկազմակերպ` ես չեմ ուզում այնտեղ գտնվել և թողել մի մարդու տպավորություն, որը չգիտի, թե ինչ է ուզում»:
Մեր զրուցակիցը վստահ է, որ իշխանությունները ևս այս ամեից «դաս քաղեցին» և ճիշտ որոշում կկայացնեն: Հակառակ դեպքում, նա կշարունակի սատարել հայրենակիցներին և իր անձնական բողոքը բարձրացնել: «Ես հստակ գիտեմ, որ եթե իշխանությունները այս դասը քաղելուց հետո (իսկ իշխանությունները, միանշանակ, դաս քաղեցին այս ամենից. Ա.Հ.), քայլեր չձեռնարկեն, շարժումը կարող է ավելի մեծ թափ առնել: Այդ դեպքում ես նորից կլինեմ շարժման կողքին կանգնած, որքան էլ որ պահանջվի։ Գիտեք' ամեն բան գեղեցիկ է, երբ չափի մեջ է»,-եզրափակեց Արտյոմ Հակոբյանը:
Կիթառահար, երգիչ Եղիշե Պետրոսյանը, ով Բաղրամյան պողոտայում է եղել ամեն օր, վստահ է, որ բողոքն արտահայտելու ամենահաջող մեթոդը սա է: «Չգիտեմ` ինչպես կավարտվի այս անգամ, միևնույն է, այս ճանապարհը մեր դեպքում այլընտրանք չունի: Հաջողության կարելի է հասնել միայն անընդհատ և երկարատև պայքարով»,-նշեց մեր զրուցակիցը:
Բաղրամյան պողոտայի ներկայիս իրավիճակը երգիչը յուրովի է ներկայացնում, իսկ Բաղրամյանը «լքած» երիտասարդներին չի մեղադրում. «Աղբամանների մի կողմում արդարացի պահանջներ ներկայացնող և փսեվդոլուծումներից դժգոհ քաղաքացին է, որի համբերության բաժակը վաղուց լցվել է, մյուս կողմում` «մատնոց ֆռցնող» իրեն տարիներ ի վեր սպառած իշխանությունն` իր նվիրյալ սպասավորներով… Ինչ վերաբերում է «Ոչ թալանին» ախաձեռնության տղաներին, ապա այդ երիտասարդներին մեղադրելու իրավունք ոչ-ոք չունի, նրանք արեցին այնքան,ինչքան կարող էին»:
Aysor.am-ի այն հարցադրմանը, թե ի՞նչ ելք է տեսնում արդյունքում, Եղիշե Պետրոսյանը կտրուկ պատասխանեց. «Իշխանությանը «ստատուս քվո»-ն բավարարում է,իսկ ցուցարարներին…»: