01/07/2015 14:43
Կստեղծվի նոր Հայկական հանրագիտարան՝ 10 հատորից
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը հավանություն է տվել նոր Հայկական հանրագիտարան ստեղծելու՝ «Հայկական հանրագիտարան» հրատարակչության առաջարկությանը:
ՀՀ ԳԱԱ-ից հայտնում են, որ նոր հանրագիտարանը բաղկացած է լինելու 10 հատորից` թվային և տպագիր տարբերակներով:
Հանրագիտարան ստեղծելու համար պետք է կազմավորվեն հեղինակների մասնագիտական խմբեր, որոնք կկազմակերպեն հոդվածների պատրաստումն ու դրանց համակողմանի քննարկումը: Նոր հանրագիտարանի ստեղծումը կիրականացվի 2016-2026 թվականներին:
ՀՀ ԳԱԱ նախագահությունը մտադիր է դիմել ՀՀ կառավարությանը՝ Հայկական հանրագիտարանի հրատարակությունն իրականացնելու համար համապատասխան միջոցներ հատկացնելու համար:
ԳԱԱ-ն հիշեցնում է, որ 1974-1987թթ. հրատարակվել է 12+1 հատոր Հայկական սովետական հանրագիտարանը, որի պատրաստումն ու հրատարակությունը լուրջ ձեռքբերում էր հայ մշակույթի և գրահրատարակչության պատմության մեջ:
Ընդունված հանրագիտարանային սկզբունքներով առաջին անգամ մշակվել, ամփոփվել և ներկայացվել են հայ ժողովրդի պատմության, արվեստի, մշակույթի, հասարակական-քաղաքական կյանքի, տնտեսության, սպորտի, առողջապահության և մյուս ոլորտների կարևորագույն իրադարձությունները: