02/07/2015 16:46
Օռնելլա Մուտին՝ «Ոսկե ծիրանի» հատուկ հյուր
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հատուկ հյուրերը կլինեն համաշխարհային կինոյի աստղեր Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը: Հատուկ հյուրերից կլինի նաև ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Պատրի Շենեն:
Ոսկե ծիրանի ընթացքում տեղ կունենա Օռնելլա Մուտիի «Սվանի սերը» կինոնկարի երևանյան պրեմիերան, ինչպես նաև Պատրիկ Շենեի մասնակցությամբ «Ես սիրելու համար չեմ այստեղ» ֆիլմի պրեմիերան:
Հանդիպման մյուս բանախոս՝ «Ոսկե ծիրան» փառատոնի ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանն էլ, խոսելով Մոսկվայի 37-րդ կինոփառատոնի մասին, նշեց, որ փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել Հարություն Խաչատրյանի 60-ամյա հոբելյանին նվիրված ստեղծագործական երեկո: Խաչատրյանը Մոսկվայի կինոփառատոնին ներկայացել էր որպես վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթային ժյուրիի պատվավոր անդամ:
Մ. Ստամբոլցյանը նշեց, որ «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի հիմնադիր տնօրենն արժանացել է երկու մրցանակի՝ կինոարվեստի և հայ-ռուսական մշակութային համագործակցության գործում մեծ ավանդի համար՝ մասնավորապես «Փիղ» մրցանակով՝ համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար»:Մոսկվայի կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվել էր նաև Խաչատրյանի առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Քամի ունայնության»-ը: