04/07/2015 10:45
Լսեք, այս ձեր դղյակները, հազարավոր հեկտարներով հողերը որտեղի՞ց են, որի՞դ պապն է ժառանգություն թողել. Գագիկ Կարապետյան
Կարծում եմ՝ չկա որևէ մի երևանաբնակ, ով վերջին երկու շաբաթվա ընթացքում չի որոշել գոնե մեկ անգամ իր օրվա թեկուզ 1 ժամն անցկացնի Բաղրամյան պողոտայում:
Aysor.am-ը զրուցեց ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, պարուսույց Գագիկ Կարապետյանի հետ՝ տեղեկանալու նստացույցի մեկնարկի և ընթացքի մասին նրա մեկնաբանությանը:
«Սկզբից շատ լավ կարծիք ունեի, հավանում էի թե՛ առաջ քաշած հարցերը, թե՛ բողոքի ձևը, թե՛ համառության տեսակը: Իմ կարծիքը երիտասարդության նկատմամբ ամբողջովին փոխվեց. 10 անգամ, եթե ոչ ավելի՝ բարձրացավ: Սակայն այն, ինչ կատարվեց հետո, բոլորովին ինձ դուր չեկավ, որովհետև, ըստ իս, ցանկացած շարժում հետաքրքիր է, երբ իր պահանջի մեջ է: Երբ սկսվում է խառնվել, ապա դառնում է խառնաշփոթ, չես հասկանում՝ ո՞վ է դրա տերը ու ինչ ճանապարհով է տանելու այդ ամենը: Շատերն այնտեղ սկսեցին քաղաքականություն «խաղալ» , բայց այդ հարթակը չէր: Կոնկրետ հարց էր բարձրացված, որը պետք է լուծվեր, ինչից հետո կարող էին նորից հավաքվել՝ արդեն այլ խնդիրների բարձրաձայնմամբ: Այս երկրում ի՞նչն է բոլ՝ խնդիրը, օրը մեջ կարելի է տարբեր խնդիրների համար հավաքվել, ձայն բարձրացնել և ապացուցել, որ մենք ճիշտ ենք: Այս երիտասարդների նախաձեռնությունն առաջին քայլն էր, դեռ մեծ մասշտաբներով թալանին պետք է հասնեն: Մի օր պետք է կանչեն և ասեն. «Լսեք, այս ձեր դղյակները, հազարավոր հեկտարներով հողերը որտեղի՞ց են, որի՞դ պապն է ժառանգություն թողել»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Ես չեմ հիշում նախադեպ, երբ ցուցարարները «ցրվում» են առանց ոտիկանության միջամտության: Մեր այն հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ վերջին օրերին ցուցարարների քանակը նվազել է, պարուսույցը պատասխանեց. «Ճիշտ է, ես քաղաքական մեկնաբան չեմ, սակայն կարծում եմ՝ պատճառը հուսախաբությունն է. փոխվեց ասելիքը, ասելիքի ձևն ու տեսակը, և շատերը երևի հիասթափվեցին ու հեռացան:
Վերջապես, սա չէր կարող տարիներով ձգձգվել, մի օր մարելու էր: Գտնում եմ, որ տղաները ինչ-որ կետի հասան, ամենակարևորը՝ ժողովրդի ոգին բարձրացրեցին, կառավարությունն էլ որոշ զիջումների գնաց: Թե արդյունքում ի՞նչ կլինի, դա հետո կերևա»:
Գ. Կարապետյանի հավաստմամբ՝ պետք է դադար առնել և եթե հետագա որոշումը ձեռք չտա, նորից փողոց դուրս գալ ու պահանջել: Կասեցման որոշումը նրան ևս չի բավարարել, նա սպասում է «Չեղարկմանը»: «Ես էլ էի սպասում «Չեղարկմանը»: Սա մի փոքր դադար է. ժողովրդին հանգստացրեցին, հետո կամ «թաքուն» մի բան կանեն,, ինչն ի վերջո կբացահայտվի, կամ… Բնականաբար, չեմ կարծում, թե սա մեր վերջնակետն էր: Նոր ալիք կբարձրանա հետո: Մի քիչ կսպասենք, եթե ոչինչ չեղավ, ինչը շատ հավանական եմ համարում, ժողովուրդը նորից դուրս կգա: Ի վերջո, այս փորձը ցույց տվեց, որ այս ձևով՝ գրագետ, առանց հայհոյանքների, ծեծ ու ջարդի կարելի է ինչ-որ մի բանի հասնել: Ես նման ցույց չեմ հիշում, իհարկե, առաջին օրերին կատարվածը չհաշված: Հավանաբար, ոստիկանությունը հասկացավ, որ չի կարող ժողովրդի դեմ դուրս գալ ու դարձավ երկկողմ հանդուրժողական»,-եզրափակեց նա: