04/07/2015 15:42
Նարեկ Պողոսյանը՝ սիրո, ընտանիքի, երիտասարդ հոր նոր կերպարի ու ստեղծագործության մասին
Երգիչ Նարեկ Պողոսյանը, ում էկրանից հանդիսատեսն առաջին անգամ տեսել է «Շանթ» հեռուստաընկերության «Ժողորդական երգիչ» նախագծի շրջանակներում, տևական ժամանակ է` էկրաններին չի երևում:
Aysor.am-ը հետաքրքրվեց, թե ո՞րն է լռության պատճառը: «Մրցույթի ընթացքում հանդիսատեսը գրեթե ամեն օր, ամիսներ շարունակ տեսնում էր ինձ եթերում, հատկապես, որ հասա մինչև մրցույթի եզրափակիչ փուլ: Բնական է, որ այդ օրերին ես ավելի հաճախ էի երևում էկրանից, քան մրցույթից դուրս: Բայց կան մի քանի հաղորդաշարեր, ինչպես օրինակ «Երգ Երգոցը», որտեղ գրեթե ամեն շաբաթ ելույթ եմ ունենում նաև ես: Բացի այդ, մասնակցությունը մրցույթներին ինձ լայն հնարավորություն ընձեռեց` հանդիսատեսին ներկայանալու ոչ միայն էկրանից, այլև հանրապետության տարբեր քաղաքների և սփյուռքի բեմերից: Օրինակ, վերջերս մասնակցեցի Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող ամենամյա մրցույթին (Море и спомени) և անհատ կատարողների ցանկում արժանացա «Լավագույն կատարող» մրցանակին: Ասեմ, որ վերջին մի քանի տարիների ընթացքում պարբերաբար համերգներ ենք կազմակերպում ոչ միայն Հայաստանի, այլ նաև Վրաստանի մեր հայրենակիցների համար: Այժմ կրկին ստեղծագործական խմբիս աջակցությամբ զբաղված եմ Գյումրիում հուլիսի 10-ին կայանալիք համերգի կազմակերպման աշխատանքներով»,- մանրամասնեց երգիչը:
Այս ամենի հետ համատեղ, նա աշխատում է նաև տնտեսագետի մասնագիտությամբ: Ի դեպ, մեզ հետ զրույցում Ն. Պողոսյանը նշեց, որ արդեն իսկ ունի մի քանի երգեր, որոնք շուտով կհանձնի հանդիսատեսի դատին. «Ունեմ ձայնագրած մի քանի նոր երգեր, դուետներ: Անցյալ շաբաթ ավարտեցինք առաջին տեսահոլովակիս նկարահանումը՝ համագործակցելով «Steps9090» ստեղծագործական խմբի և ռեժիսոր Գևորգ Ենոքյանի հետ: Շուտով այն կներկայացնեմ հանրությանը: Երգը կոչվում է «Սիրո կանչ», հեղինակն է աշուղ Լեյլին: Տեսահոլովակիս պատրաստման ողջ ընթացքում ինձ աջակցել է ՀՀ վաստակավոր արտիստ երգչուհի Լեյլա Սարիբեկյանը»:
Շատ երգիչներ որոշակի ժամանակ անց ժողովրդական երգարվեստը փոխում են փոփ ժանրով: Հետաքրքրվեցինք՝ արդյոք նա ևս մտածում է ժանրային փոփոխության մասին: «Ճիշտն ասած՝ ես վերջին ժամանակներում հակառակ միտումն եմ նկատել. մեր հայկական շոուբիզնեսում. շատ երգիչներ, կարիերան սկսելով փոփ ժանրով, այժմ հաճախ իրենց երգացանկում ներառում են նաև ժողովրդական երգեր, որը շատ ուրախալի է: Ինչ վերաբերում է ինձ, դեռևս չեմ մտածել ժանրային փոփոխության մասին, բայց փոփ ժանրը նույնպես սիրում եմ, նույնիսկ մի քանի միջազգային մրցույթներում, ելնելով մրցույթի պահանջներից, ժողովրդական երգի հետ մեկտեղ՝ կատարել եմ նաև փոփ երգեր»,- նշեց նա:
Բազմազբաղ երիտասարդ երգիչ-տնտեսագետը հասցրել է նաև ընտանիք կազմել, զավակ ունենալ: «Առայժմ ունենք հրաշք դստրիկ, աշխարհում ամենաթանկ էակն ինձ համար: Շատ ակտիվ երեխա է, անտարբեր չէ երգի և երաժշտության հանդեպ: Ես և կինս ունենք ընդհանուր մասնագիտություն, բայց դա երգը չէ, այլ՝ տնտեսագիտությունը, չնայած, որ երգելը կնոջս հոբբին է: Ծանոթացել ենք բոլորովին պատահական, որի առիթը դարձյալ երգն էր»,- ժպիտով եզրափակեց Նարեկը: