06/07/2015 11:35
Ոստիկանությունն այսօր մտադիր է վերականգնել երթևեկությունը Բաղրամյան պողոտայում
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ այսօր պատրաստվում է վերականգնել Բաղրամյան պողոտայի շուրջ երկու շաբաթ խաթարված երթևեկությունը:
«ՀՀ ոստիկանությունը պատրաստվում է այսօր վերականգնել Բաղրամյան պողոտայի՝ շուրջ երկու շաբաթ խաթարված երթևեկությունը, այդ թվում՝ դրան խոչընդոտող առարկաները պողոտայի երթևեկելի հատվածից հեռացնելու միջոցով:
Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ ոստիկանությունը անօրինական հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին առաջարկել էր ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի արգելափակումը, այդ հորդորները վերջին մի քանի օրերի ընթացքում ամբողջությամբ անտեսվել են:
Այդուհանդերձ, ՀՀ ոստիկանությունը ևս մեկ, և վերջին անգամ, առաջարկում է հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին` այսօր մինչև ժամը 12.30-ը ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի արգելափակումը: Հակառակ դեպքում, ժամը 12.00-ից սկսած ՀՀ ոստիկանությունը դա կիրականացնի իրեն վերապահված լիազորությունների գործադրման միջոցով:
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է նաև, որ վերոնշյալ գործողությունները նպատակաուղղված չեն լինելու հավաքի դադարեցմանը, եթե այն շարունակվելու է Բաղրամյան պողոտայի ոչ երթևեկելի հատվածում և չի խոչընդոտելու դրա բնականոն ընթացքին: