06/07/2015 12:28
Կպահանջենք Սերժ Սարգսյանի հրաժարականը. Դավիթ Սանասարյան
Ինչպես հայտնի է, այսօր Ոստիկանությունը պատրաստվում է 12.30-ին բացել Բաղրամյան պողոտայի շուրջ երկու շաբաթ խաթարված երթևեկությունը:
Քիչ առաջ ակտիվիստ Դավիթ Սանասարյանը հայտարարություն արեց: Նա ասաց.
«Ինչպես հայտնի է, մենք իշխանություններին մինչև ժամը 21:00-ն ժամանակ էինք տվել, որպեսզի մեր պահանջնը կատարեն, հակառակ դեպքում մեկ քայլ առաջ ենք իրականցնելու: Սակայն իշխանությունը՝ փոխարեն մեզ պատասխանի, նորից գնում է սխալ ճանապարհով, իսկ դա խոսում է նրանց վախի մասին:
Եթե իշխանությունները, ոստիկանները գնում են այդ սադրանքներին, ապա ժողովրդի կողմից լինելու է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը: Մենք այստեղից չենք գնալու ոչ մի տեղ»:
Ի պատասխան Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ իրենք պատրաստվում են բացել Բաղրամյան պողոտան:
«Ոստիկանությունը վերջին անգամ առաջարկում է մինչև 12.30 վերացնել Բարամյանի արգելափակումը, հակառակ դեպքում 12.30-ից ոստիկանությունն՝ իրեն վերապահված լիազորություններով, կգործի»,- ասաց Վ. Օսիպյանը:
Նա հայտարարեց, որ իրենք չեն պատրաստվում դադարեցնել հանրահավաքը. «Մենք առաջարկում ենք Ազատության հրապարակ տեղափոխեվել կամ այնպիսի հատված, որը չի խոչընդոտի երթևեկությանը»: