06/07/2015 13:03
Վալերի Օսիպյան. Քույրեր, եղբայրներ, միասին բացենք պողոտան, հասարկությունը հաղթել է
Հարգելի քույրեր և եղբայրներ, եկեք միասին հիմա մաքրենք Բաղրամյան պողոտան ու բերենք այն տեսքին, որով բոլորս գիտենք այն: Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում հայտարարեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն, այն բանից հետո, երբ ոստիկանությունը հեռացրեց 10 օրից ավելի պողոտայում եղած աղբաններից կազմված բարիկադը:
«Ումի՞ց եք պաշտպանվում այդ բարիկադով: Սա ո՞ր դարն է, որ բարիկադներից եք խոսում: Այստեղ թշնամիներ չկան, բոլորս քաղաքացիներ ենք: Հաղթողներ ու պարտվողներ չկան: Այստեղ հաղթել է մեր հասարակությունը: Հիմա եկեք բոլորով բացենք պողոտան»,- ասաց Վալերի Օսիպյանը:
Նրա խոսքերին հակադարձեց Դավիթ Սանասարյանը՝ նշելով, որ բոլորովին վերջերս ոստիկանությունը ուժ է կիրառել և բարիկադները պետք են հենց նման գործողությունների ժամանակ պաշտպանվելու համար:
«Ես ձեզ վսհատեցնում եմ, որ ոստիկանությունը չի պատրաստվում որևէ գործողություն անել: Եկեք` քույրեր, եղբայրներ, բոլորով բացենք պողոտան»,- ասաց Վալերի Օսիպյանը:
Նա պնդեց, որ ցուցարարները պետք է օրինականացնեն իրենց հավաքն ու հավաքվեն որտեղ ցանկանում են:
«Մենք հնարավորություն ունենք ամբողջ աշխարհին մեր միասնականությամբ ցույց տալ, թե ինչ միասնական ենք մենք:Եկեք միասին մաքրենք ու բացենք պողոտան»,- ասաց Երևանի փոխոստիկանապետը: