06/07/2015 20:56
Օդանավից ուշանալու, ծովի ու սարսափ պատմությունների մասին. Ինչպե՞ս և որտե՞ղ են հանգստանում հայտնիները
Թեև այսօր հայաստանաբնակներն այլ հոգսեր ու խնդիրներ ունեն և մեր երիտասարդ արվեստագետների մեծ մասը պայքարում է հանուն ժողովրդի վաղվա օրվա, սակայն մի քանի օր հանգիստը ոչ-ոքի չի խանգարի: Չէ՞ որ պետք է լիցքաթափվել և նորից լիցքավորվել: Aysor.am-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել, թե որտե՞ղ և ինչպես են հանգստանալու Հայաստանում ու Հայաստանից դուրս բնակվող հայտնի հայերը:
Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանն այս ամառ զբաղված է և դեռ չգիտի` կմեկնի՞ հանգստի, թե ոչ: Սակայն, հնարավորության դեպքում, որոշել է օգոստոսին Եվրոպա մեկնել: «Կգնամ ընկերուհուս հետ: Միանգամից մի քանի պետություն կայցելենք: Ես սիրում եմ հանգստանալ հենց ամառային արձակուրդների շրջանում, կարևոր չէ` բնության գրկում, ծովում, թե մեկ այլ վայրում: Կարևորն այն է, որ ինձ հանգիստ զգամ, առօրյա հոգսերից հեռու»,-նշեց մեր զրուցակիցը:
Իսկ թե ի՞նչ ֆինանսական հնարավորություններ են անհրաժեշտ հանգստի սիրահարներին, որքանո՞վ պետք է պատրաստ լինել ճանապարհին, վերջինս պատասխանեց. «Դա կախված է, թե մարդը որտեղ ու որքան ժամանակով է որոշել հանգստանալ: Բնականաբար, Հայաստանից դուրս հանգստանալը ավելի մեծ ֆինանսներ է պահանջում, ի վերջո, եթե գնում ես, ապա նաև պետք է վայելես»:
Լիա Զախարյանը վերջին անգամ հանգստի է մեկնել ընկերների հետ` ամառանոց: «Օրը շատ ուրախ անցկացրեցինք, սակայն երեկոյան սկսեցինք «չար կատակներ» անել, միմյանց վախեցնել: Երկու խմբի էինք բաժանվել և միմյանց վախեցնում էինք մթության մեջ: Այնուհետև կեսս բարձրացանք տանիք, պառկեցինք ու աստղերով էինք հիանում, երբ տարօրինակ ձայներ լսեցինք: Վախեցած` ներքև իջանք, որտեղ մեր ընկերների մյուս մասը մեզ էր սպասում: Իրենք էլ էին ձայներ լսել, այգում շողքեր էին նկատել: Բոլորս դուրս եկանք և վախեցած քննարկում էինք` ինչ անել: Մինչև գիշերվա 4-ը խոսեցինք, ջղայնացանք, շատերն էլ լացում էին… Այդ գիշեր չկարողացանք քնել, իսկ լուսադեմին պարզվեց, որ դա մեր երևակայության ու խաղի արդյունքն էր»,- «սարսափ» պատմությունը ժպիտով վերհիշեց Լ. Զախարյանը:
Մոսկվայաբնակ դերասանուհի Մարիամ Սարյանը հանգիստն անցկացնելու է ամուսնու` նկարիչ Արթուր Սարյանի հետ: «Մեզ մոտ հանգստի մեկնելը պահի տակ է որոշվում, երբեք պլաններ չենք կազմում: Սիրում ենք ճանապարհորդել, ցուցահանդեսների և́ մասնակցել, և́ ինքներս կազմակերպել»,- մանրամասնեց դերասանուհին:
Ըստ նրա` լիովին հանգստանալու համար իրականում մեծ գումարներ պետք չեն. «Իհարկե, կապ ունի, թե ինչ ես հասկանում լիարժեք հանգստանալ ասածի ներքո: Ամեն դեպքում, մենք տուրիստական գործակալություններից հեռու ենք մնում, մեզ համար ճանապարհորդությունը սեփական բացահայտումներով է հագեցած: Սիրում ենք ծանոթանալ նոր երկրների, նոր մարդկանց ու նոր կենցաղի հետ: Միջավայրի նման փոփոխությունն արդեն իսկ տրամադրում է լիցքաթափվելու»:
Նրանց ճանապարհորդությունները լի են հետաքրքրաշարժ և անսպասելի դեպքերով: Դա առաջնահերթ պայմանավորված է այն հանգամանքով, որ երկուսն էլ չեն սիրում պլանավորել հանգիստը: «Մի անգամ երկու օրվա մեջ որոշեցինք` պետք է մեկնենք Բուլղարիա: Այդ տարի Արմավիայի սնանկ ճանաչվելու հետ կապված` ավիատոմսեր չկային, և մենք մեկնեցինք ավտոբուսով: Սակայն Հայաստանի և Վրաստանի սահմանի չեզոք գոտում այն փչացավ: Երկար ժամանակ ստիպված եղանք մնալ ճանապարհին, արդյունքում` որոշեցինք մի քանի օրով կանգ առնել Թուրքիայում` հայերի տանը: Այնուհետև գնացինք Սոֆիա` ամուսնուս եղբոր տուն, ով հոգևորական է: Այնպես որ, իմպրովիզն ամենահետաքրքիր համեմունքն է ճանապարհորդության մեջ»,-եզրափակեց Մարիամը:
Երգիչ-երգահան Գրիգոր Կոկչյանը մեծ ցանկություն ունի ամառն անցկացնել որևէ եվրոպական երկրում կամ Միացյալ Նահանգներում: «Սակայն հանգամանքների բերումով ստիպված կլինեմ համատեղել գործնականն ու հանգիստը. Օգոստոսի 1-15-ը լինելու եմ Յալթայում: Ղրիմում կանցկացվի մանկական «Նոր ալիք» մրցույթը: Արդեն 2-րդ տարին է, որ այս մրցույթին ես ներկայանում եմ որպես հայաստանյան պատվիրակության երաժշտական պրոդյուսեր: Այս տարի մեկնելու եմ Մերի Քոչարյանի հետ: Հենց Յալթայում` Սև ծովի գեղեցիկ ափին, կվայելեմ հանգիստս»:
Յուրաքանչյուրն ոք ունի հանգստի իր բաղադրատոմսը: Գրիգորը ակտիվ հանգստի սիրահար է. «Կխելագարվեմ, եթե հայտնվեմ Բալիում ու ստիպված լինեմ սպիտակ ավազին անցկացնել 12 օր: Երևի նման բացառություն կլինի միայն իմ մեղրամիսը»,-ծիծաղելով մեկնաբանեց նա:
Մեր զրուցակիցը հատկապես ամառային արձակուրդը սիրում է անցկացնել ընկերական մեծ շրջապատում. «Նախընտրում եմ շրջագայել, շատ բան տեսնել, ուսումնասիրել, և ոչ թե պառկել արևի տակ: Երևի դա է պատճառը, որ ինձ Եվրոպան է գրավում: Սակայն այդ հաճույքը, հավանաբար, կվայելեմ աշնանը»:
Լավ հանգիստը բավականին ծախսատր է և պետք է տարվա ընթացքում շատ աշխատել, որպեսզի կարողանաս քեզ թույլ տալ ամռանը լավ հանգստանալ. սա Գրիգոր Կոկչյանի համոզմունքն է: «Կարծում եմ, ամենաքիչը 1500 եվրոն հնարավորություն կտա մեկնել եվրոպական որևէ քաղաք և հետաքրքիր հանգիստ անցկացնել»,-մանրամասնեց նա:
Արկածները ճանապարհորդների մշտական ուղեկիցներն են: Հետաքրքիր դեպքեր շատ են գրանցվել նաև Գ. Կոկչյանի կյանքում: Թեև, որևէ մեկը առանձնացնել չկարողացավ, բայց վերհիշեց օդանավից ուշանալը, անծանոթ քաղաքում կորչելը: Այնպես որ, զարթուցիչը միշտ «ստարտի» վրա պահեք և անծանոթ քաղաքներում քարտեզով շրջեք: