06/07/2015 11:56
Մաքսիմ Սարգսյան. Ոստիկանությունն այն կառույցն է, որ ունակ է ամեն ինչի
«Եթե ոստիկանությունը մի անգամ արդեն խաղաղ ցուցարարների հանդեպ ուժ կիրառեց, ապա չի բացառվում, որ նորից կիրառեն»,- այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը, ով պայքարի առաջին օրվանից Բաղրամյանում է եղել:
Նա ասաց, որ դեռ չի հասցրել ծանոթանալ Ոստիկանության տարածած հաղորդագրությանը, իսկ թե ինչ են պատրաստվում անել ցուցարարները՝ ազատելո՞ւ են ինքնակամ Բաղրամյան պողոտան, թե ոչ, ուղորդեց հետաքրքրվել համակարգող նոր խմբից.
«Քանի որ մենք այս պահին Բաղրամյանում ենք ուղղակի որպես ՀՀ քաղաքացիներ, երևի ավելի ճիշտ կլինի համակարգող խմբի հետ խոսել հետագա անելիքների մասին՝ մենք ներգրավված չենք համակարգող այդ խմբում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իրենք իշխանություններին ներկայացրած պահանջագրին աջակցություն հայտնել էին:
Բայց անշուշտ նա, որպես քաղաքացի, 12.30 կլինի Բաղրամյան պողոտայում:
Մաքսիմ Սարգսյանը հույս հայտնեց, որ ոստիկանությունը զերծ կմնա այնպիսի գործողությունների դիմելուց, ինչը մենք տեսանք հունիսի 23-ին.
«Կարծում եմ՝ ոստիկանությունն այդքան անհեռատես չի գտնվի կրկնելու համար այն, ինչ արել են: Բայց ոչինչ բացառել չի կարելի, քանի որ իրենք այն կառույցն են, որ ունակ են ամեն ինչի. բոլորս էլ դրանում համոզվել ենք: Եթե ոստիկանությունը մի անգամ արդեն խաղաղ ցուցարարների հանդեպ ուժ կիրառեց, ապա չի բացառվում, որ նորից կիրառեն»,- հավելեց նա՝ շտապելով Բաղրամյան: