06/07/2015 12:08
Փոխոստիկանապետը բանակցում է ցուցարարների հետ. Պողոտան պետք է բացվի, եթե պետք է` կօգնենք
Կեսօրին, ինչպես և ոստիկանությունը նախապես հայտարարել էր, Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին մոտեցան ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Նրանք կոչ արեցին ցուցարարներին բացել պողոտան ու դրա համար տրամադրեցին 20 րոպե.
«Մենք ամեն ինչով ձեզ կաջակցենք, կարող ենք օգնել ձեր գույքը տեղափոխել»,- ասաց Հունան Պողոսյանը,ինչից հետո նրան հակադարձեց ցուցարարներից մեկը` նշելով, որ եթե իրենք հիմա տեղափոխվեն Ազատության հրապարակ, իրենց չեն լսի.
«Բոլորը ձեզ արդեն լսել են: Հիմա սրանով դուք արժեզրկում եք ձեր պահանջը: Ես ինքս՝ որպես ոստիկանապետի տեղակալ, ասել եմ` բոլոր մեղավորները պատժվելու են: Տեղի ունեցած դեպքերով հարուցված է քրեական գործ»,- ասաց Հունան Պողոսյանը:
Նա դիմեց ցուցարարներին` խնդրելով, որ անգամ կարող են գույքը տեղափոխելուց հետո միասին ջրցանով մաքրել ու բացել պողոտան:
Ցուցարարները, սակայն, նշեցին, որ ոստիկանության տրամադրած ժամանակը շատ քիչ է ու իրենց էլի ժամանակ է պետք քննարկելու ու որոշում կայացնելու համար:
Փոխոստիկանապետը խնդրեց, որ ամեն բան բերվի օրինական դաշտ.
«Երթևեկելի մասը բացեք` այդպես շարունակեք ձեր ցույցը: Խումբ կազմեք, գնացեք գործընթացներին հետևեք: Չի կարելի փչացնել իրար, ասել, թե ահա այս 5 երիտասարդները գնացին բանակցելու` ուրեմն ծախվեցին: Մեկ իրար մեջ նման բաներ անել, մեկ ոստիկանների: Ինձ ոչ ոք հակառակում չի համոզի, ոստիկանն այսօր ամենամտահոգ քաղաքացիներից մեկն է: Հիմա ձեր` ցուցարարների շարքերն իդարակակա՞ն են, վատ մարդիկ չկա՞ն: Ձեր մոտից էլ զենքով մարդ հայտնաբերեցինք»,- ասաց Հունան Պողոսյանը` ևս մեկ անգամ ընդգծելով, պողոտան պետք է բացվի: