07/07/2015 19:51
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վրաստանի գյուղնախարարին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիային: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության մամուլի ծառայությունից:
ՀՀ վարչապետը ողջունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարի այցը մեր երկիր՝ նշելով, որ այն կնպաստի գյուղատնտեսության ոլորտում հայ-վրացական արդյունավետ համագործակցության հետագա ընդլայնմանը: Բարձր գնահատելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների և միջպետական երկխոսության մակարդակը՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է փոխայցելությունները և գործնական սերտ շփումները:
Օթար Դանելիան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ՀՀ վարչապետին փոխանցել Վրաստանի վարչապետի ջերմ ողջույնները: Նա նշել է, որ տպավորված է մեր երկրում գյուղատնտեսության զարգացման մակարդակով և ներկայացրել այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Զրուցակիցները փաստել են, որ առկա արդյունավետ համագործակցությունը լուրջ նախադրյալներ է ստեղծում հայ-վրացական գյուղատնտեսական կապերի սերտացման համար և քննարկել փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Կողմերն ընդգծել են, որ գյուղատնտեսության ոլորտի զարգացումը տնտեսության կայուն զարգացման առաջնահերթություններից է, և երկուստեք վերահաստատել ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ նոր ծրագրերի իրականացմանն աջակցելու պատրաստակամությունը: Հովիկ Աբրահամյանը և Օթար Դանելիան նաև համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի անդամակցությունը տարբեր տնտեսական միավորումներին նոր հնարավորություններ կստեղծի երկու երկրների գործարար շրջանակների համար:
ՀՀ վարչապետը կարևորել է Վրաստանի կառավարության կողմից ամռան ամիսներին Վերին Լարս սահմանային անցակետի գործունեությունը 3 ժամով երկարաձգելու փաստը, ինչը կնպաստի գյուղատնտեսական ապրանքների փոխադրման և տարանցման գործընթացների անխափան կազմակերպմանը:
Հանդիպման ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ջերմ ողջույններն է փոխանցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին: