08/07/2015 19:33
Սերիալից՝ թատրոն, կինոյից՝ միջազգային փառատոն. Դերասան Արմեն Սարգսյանը՝ նոր ծրագրերի մասին
Թեև սերիալները հաճախ են քննադատվում, սակայն չպետք է մոռանալ, որ դրանց շնորհիվ հանրությունը «բացահայտում», ճանաչում ու սիրում է տաղանդաշատ ու հետաքրքրիր բազում երիտասարդ արտիստների: Նաև, այն հավելյալ աշխատատեղ է դերասանների համար:
Դերասան Արմեն Սարգսյանը շատերին ծանոթ է «Շանթ» հեռուստաընկերության «Լիալուսին», «Անծանոթը» և «Սիրո գերին» սերիալներից: Շատերն էլ նրան կմտաբերեն Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը» գեղարվեստական ֆիլմում գլխավոր` Արմենի դերում:
«Այս պահին հեռուստատեսությունում աշխատելու առաջարկ չունեմ, «Վարդավառ» միջազգային փառատոնի հետ կապված աշխատանքներ ենք տանում, որը տեղի կունենա հուլիսի 12-ին` Գառնու տաճարում: Ի դեպ, նախորդ տարի առաջին անգամ փորձ արվեց «Վարդավառ» միջազգային երիտասարդական փառատոն անել, այն իրականացնում է «Երիտասարդական ակումբների դաշնությունը»: Ինչպես նաև օգոստոս ամսին հայ-իտալակա նախագիծ կա, որն իրականացվում է իմ` «Էպսիդոն» թատերախմբի հետ համատեղ»,- Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց դերասանը:
«Վարդավառ» փառատոնի մեկնարկը տրվելու է Գեղարդում` Սուրբ Պատարագի մատուցմամբ: Այնուհետև օրհնվելու է մատաղը, ազգագրական փոքրիկ երգ ու պար է լինելու և բոլորն ուղևորվելու են Գառնի, որտեղ կկայանան օրվա խորհիդի հիմնական միջոցառումները: Երեկոյան ժ. 18:00-ին բեմականացում կլինի մի շարք դերասանների և «Վան» ազգագրական համույթի մասնակցությամբ:
Մեր այն հարցին, թե ի՞նչ նպատակով էր վերջերս մեկնել ՌԴ, վերջինս պատասխանեց. «Այո, գտնվում էի Մոսկվայում, մասնակցում էի Ռուսաստանի թատերական գործիչների միության կազմակերպած ամառային դպրոցին: Ուսման արտակարգ պրոցես էր, գիտելիքների հզոր պաշար, որը մնում է մարսել և եթե հնարավորություն լինի` Հայաստանում իրականացնել»:
Վերջերս ավարտված «Սիրո գերին» սերիալում մեր զրուցակիցն այնքան բնական էր մարմնավորում «սփյուռքահայ Հայրոյին», որ հեռուստադիտողներից շատերի մոտ համոզմունք կար` դերակատարը հաստատ սփյուռքահայ է: «Ես ծնվել, մեծացել և շարունակում եմ ապրել Երևանում: Սակայն, իսկապես, հեռուստադիտողն ինձ ընդունում է որպես սփյուռքահայ, թեպետ, ըստ իս, այնքան էլ «մաքուր» չէի խոսում: Բայց հաճելի է, որ մարդիկ այդքան ջերմ ընդունեցին և սիրեցին այդ կերպարը»,- ժպիտով պարզաբանեց Արմեն Սարգսյանը:
Ինչ վերաբերում է այս օրերին ամենաշատ արծարծվող` հանգստյան թեմային, ապա քանի որ ամառն արդեն կիսվել է, տարին էլ նրա համար բազմազբաղ է, դերասանը որոշել է անցկացնել Հայաստանում` ընտաիքի հետ: