08/07/2015 19:51
Ես և՛ գոհ եմ, և՛ միաժամանակ, անտարբեր այսօրվա շոու-բիզնեսի նկատմամբ. Էլլա Տարունց
90-ականներին բավական մեծ ճանաչում ունեցող երգչուհի Էլլա Տարունցը, տևական ժամանակ է, էկրանային պասիվություն է պահպանում: Թեև, երգչուհին գտնում է, որ երգարվեստում ինքը բոլորովին էլ պասիվ չէ և ակտիվ գործունեություն է ծավալում, մոռացվելու մտավախություն էլ չունի: «Ես ամեն օր երգում եմ, ուղղակի էկրաններին շատ չեմ երևում: Նոր երգեր շատ ունեմ, մեկ տարի առաջ էլ իմ 5-րդ CD-ն թողարկեցի` հիմնականում իմ հեղինակած երգերով»,- Aysor.am-ի հետ զրույցում մեկնաբանեց նա:
Մեկ ամիս առաջ երգչուհին երկու նոր երգ է ձայնագրել, որոնց մասին բարձրաձայնել չցանկացավ: Ինչ վերաբերում է տեսահոլովակին, ապա դեռևս չի պատրաստվում նոր բան նկարահանել:
«Որքանո՞վ է ժամանակակից փոփ արվեստը զիջում 90-ականներին, կամ գուցե որոշակի առավելություննե՞ր ունի» հարցին Է. Տարունցը պատասխանեց. «Ամեն ժամանակ իր առավելությունն ունի: Ինձ առավել հարազատ ե իմ երիտասարդ տարիների կատարումները, և դա բնական է: Ես և գոհ եմ, և, միաժամանակ, անտարբեր այսօրվա շոու-բիզնեսի նկատմամբ»:
Դասական վոկալի կրթություն ունեցող երգչուհին թեև ժամանակին վոկալի դասեր էր տալիս, սակայն այսօր չի դասավանդում` պատճառաբանելով, որ հոգնում է «ստաբիլ ռեժիմից»: Մի շրջան նրան հանդիպեցինք նաև դերասանուհու կարգավիճակում: Այդ ասպարեզում ևս այսօրվա նրա պասիվությունը պայմանավորված է լուրջ և հետաքրքիր առաջարկների բացակայությամբ:
Ինչ վերաբերում է «Եռամսյակի թեմային»` ամառային հանգստին, ապա վերջինս նշեց, որ դեռևս չի մտածել` որտեղ և ինչպես կանցկացնի այս շրջանը: «Ես ամառային «կուրորտ» չեմ սիրում, առավել շատ ձմեռային մարդ եմ: Իմ ամառային հանգիստներից կմտաբերեմ միայն ծով, կոկտեյլներ ու պարեր… Ուրիշ ոչինչ»,- Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Էլլա Տարունցը: