10/07/2015 13:56
Հայկական ազգային երաժշտական գանձարան և գանձատուփ՝ ազգային երաժշտության վկայական
«Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի նպատակը հայկական ազգային արժեքների պահպանությունն է, հոգևոր երաժշտական ժառանգության փրկությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի տնօրեն և «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի ղեկավար-համակարգող Մարինա Սուլթանյանը:
Նրա խոսքով՝ նախագծի գաղափարը ծնվել է շուրջ 2 տարի առաջ և մեկուկես տարվա աշխատանքներից հետո այն ներկայացվում է:
«Մշակութային վերածնունդ» հիմնադրամը նպատակ ունի աջակցել արվեստի տարբեր ճյուղներին, սկսում է երաժշտությունից»,-ասաց նա:
Նախագծի գլխավոր երաժշտական խմբագիր ու խորհրդատու Արթուր Շահնազարյանը ասաց, որ ձայնադարանում ընդգրկում են Արևելյան և Արևմտյան Հայաստանների բոլոր շրջանների տարբեր ժանրերի ժողովրդական երգերը, և բոլոր ստեղծագործություններն ուղեկցվում են մեկնաբանություններով, ինչպես նաև կցված է երգի ժանրը, ենթաժանրը, աղբյուրը:
Նախագծի երաժշտական պրոդյուսեր Արմեն Մարտիրոսյանը ասաց, որ հայկական երաժշտության պահպանումը և տարածումը գլոբալ խնդիր է մեզ համար և նախագծի միջոցով ցանկանում են լուծել այս խնդիրը: Նրա խոսքով՝ գաղափարն իրականացնելու համար ստեղծվեց «Մշակութային վերածնունդ» հիմնադրամը, որի առաջին ծրագիրը «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծն է:
«Հայկական մշակույթի զգալի մասը կազմում է երաժշտությունը: Երբևէ փորձե՞լ եք որոնել «հայկական երաժշտության» բառակապակցությունը համացանցում: Ես ինքս բազմիցս արել եմ, արդյունքը համոզիչ չէր, երաժշտություն էր գալիս, որը հայերեն էր, բայց հայկական չէր: Սա գլոբալ խնդիր է մի ազգի համար, ով մի կողմից ուզում է պահպանել իր մշակութային ժառանգությունը՝ փոխանցելով այն սերունդներին, մյուս կողմից պատշաճ կերպով այն ներկայացնել միջազգային հանրությանը: Որպեսզի այս գլոբալ խնդիրը լուծվի, հասկացանք, որ պետք է սկսենք մի հսկայական ծրագիր»,-ասաց Ա. Մարտիրոսյանը:
Ա. Մարտիրոսյանի խոսքով՝ նախագծի համար ընտրվել են կոմիտասյան չափանիշներով ամենացայտուն, բուն հայկական երգերը, որոնք ընդգրկվել են մեկ ձայնադարանում:
«Ընտրվել են կոմիտասյան չափանիշներով ամենացայտուն, բուն հայկական երգերը, հոգևոր երաժշտության նմուշները, շարականները՝ հայկական ազգային երաժշտության ոսկե հավաքածու համարվող ստեղծագործությունների մոտ 550 օրինակ: Կատարվել է գիտահետազոտական աշխատանք, կատարողների ընտրություն, նրանց ուսումնական գործընթաց, «Զարկ» արական երգչախմբի կազմավորում, ձայնագրություն, նոտագրություն, աշխատանք նկարիչների հետ, որից հետո պաշտոնական կայքի ստեղծում»,-ասաց Ա. Մարտիրոսյանը:
Ա. Մարտիրոսյանը նաև նշեց, որ մեր ազգային երաժշտությունը տարածելու խնդիրը լուծելու և այն հանրամատչելի դարձնելու համար իրենք երգին կցել ենք նաև ձեռքով նկարած նկարներ, որոնք պատկերավոր ներկայացնում են երգի ոգին և իմաստը:
Մ. Սուլթանյանի խոսքով՝ այսքանով աշխատանքը չի ավարտվել և նախագծի մտահղացման հեղինակ Արթուր Ջանիբեկյանը հանդես է եկել ևս մեկ մտահղացմամբ, այն է՝ շտեմարանն ինչ-որ ձևով առարկայացնել:
«Ստեղծվեց «Հայկական ազգային երաժշտական գանձատուփ»՝ ոսկեզօծ, հայկական զարդանախշերով, որտեղ ներբեռնված է լինելու երաժշտական բազան: Գանձատուփերը պետք է նվիրաբերենք կարևորագույն գիտական կառույցներին ինչպես մեր, այնպես էլ արտերկրում՝ այդկերպ հասանելի դարձնելով մեր երաժշտությունն աշխարհին»,- ասաց նա:
Մ. Սուլթանյանը նաև ասաց, որ նպատակ ունեն կիրառել շտեմարանը նաև ուսումնասկան դաշտում, իսկ շտեմարանի համալրման աշխատանքները միշտ շարունակվելու են:
«Մշակութային վերածնունդ» հիմնադրամը ստեղծվել է 2014թ փետրվար ամսին, ծրագրի գաղափարը հղացել է 2013 թ. օգոստոս ամսից: Այն նպատակ ունի աջակցել հայ մշակույթի, արվեստների տարբեր ճյուղերի, հայկական ժողովրդական և եկեղեցական երաժշտական ժառանգության պահպանմանը, զարգացմանը և տարածմանը:
Նախագծի պրոդյուսերն է՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, նախագծի գլխավոր երաժշտական խմբագիրը կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանն է, նախագծի համակարգողն է արտ-մենեջեր Մարինա Սուլթանյանը: Նախագծի մտահղացման հեղինակը Արթուր Ջանիբեկյանն է:
Ցանկի մեջ ընդգրկված են Արևելյան և Արևմտյան Հայաստանների պատմական շրջանների երգերն ու նվագները: Շուրջ 200 տարի ընդմիջումից հետո ծրագրի շրջանակներում համաշխարհային հանրությանը հասանելի տեսքով և ձևակերպմամբ կհրատարակվեն հայ հոգևոր երաժշտական մատյանները /Շարակնոցը, Ժամագիրքը/: Ընդհանուր առմամբ, 600-ից ավել երաժշտական նմուշներ հասու կդառնան հանրությանը:
«Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագիրը իրականացվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և վաստակավոր ու արհեստավարժ երաժիշտների մասնակցությամբ: