13/07/2015 17:22
Թուրքիայում քաղաքական ճգնաժամ է. Թուրքագետը չի բացառում նոր ընտրությունները
Թուրքիայում քաղաքական ճգնաժամ է և չի բացառում, որ այդ երկրում նոր խորհրդարանական ընտրություններ լինեն: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում անդրադառնալով Թուրքիայի ներքաղաքական զարգացումներին, նման տեսակետ հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
«Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 7-ին, սակայն մինչ այսօր կառավարություն չի ձևավորվել: Միայն ընտրություններից 28 օր անց Թուրքիայի նախագահ Էրդողանը վարչապետ Դավութօղլուին հանձնարարեց կառավարություն ձևավորել»,- ասաց նա՝ հավելելով, որ սա, իրականում, աննախադեպ երևույթ է, քանի որ նախորդ ընտրություններից հետո կառավարությունն այդ երկրում ձևավոևվել է ընդամենը մեկ շաբաթ անց:
«Կարող ենք ասել, որ այդ երկրում արդեն քաղաքական ճգնաժամ է, որովհետև Թուրքիայում կառավարությունը դեռևս ձևավորված չէ, թեև ընտրություններից բավական ժամանակ է անցել: Էրդողանը ցանկանում է հասնել այն բանին, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը միանձնյա կառավարություն ձևավորելու հնարավորություն ստանա, ինչն ավարտված ընտրությունների արդյունքներով անհնար է, քանի որ կուսակցությանը չի հաջողվել խորհրդարանում ձայների բացարձակ մեծամասնություն կազմել: Եվ սա է պատճառներից մեկը, որ Թուրքիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը ձգձգվում է»,- շարունակեց նա, հստակեցնելով, որ Կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կոալիցիա կազմի ընտրությունների արդյունքներով խորհրդարան մտած քաղաքական ուժերից մեկի հետ, սակայն ակնհայտ երևում է, որ Թուրքիայի նախագահ Ռ. Թայիփ Էրդողանը նման ցանկություն չունի:
«Էրդողանի ցանկությունը ոչ թե կոալիցիոն, այլ միանձնյա կառավարության ձևավորումն է: Թուրքիայի Սահմանադրության համաձայն` եթե ընտրություններից հետո 45 օրվա ընթացքում նոր կառավարությունը չի ձևավորվում, այդ դեպքում նշանակվում են նոր ընտրություններ: Հիմա, ըստ ամենայնի, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն խորհրդարանում ընդգրկված կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում այնպիսի պայմաններ կներկայացնի, որ նրանք չեն համաձայնի կոալիցիա կազմել, և բանը կհասնի նրան, որ կնշանակվեն նոր ընտրություններ: Ես այն կարծիքին եմ, որ նոյեմբերին այդ երկրում նոր խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն»,- շեշտեց թուր¬քագետը՝ նկատելով, որ նոր ընտրությունների նշանակումից հետո Էրդողանը Թուրքիայի հասարակությանը կփորձի բացատրել, որ հարկավոր է ձայն տալ միայն «Արդարություն և զարգացում» կուսակցությանը:
«Էրդողանը կհայտարարի, որ մնացած կուսակցությունների նպատակը բոլորովին այլ է և նպատակն ամենևին էլ իշխանության գալը չէր: Նա կասի, թե այդ կուսակցությունների նպատակն էր խորհրդարանում իրենց տեղն ապահովելը, ինչի համար էլ հնարավոր չի եղել կոալիցիոն կառավարություն կազմել: Նա կհամոզի, որ երկրում ստեղծված դժվար իրավիճակը հաղթահարելու միակ ելքն իր կուսակցությանը ձայն տալն է, և այդպիսով կփորձի խորհրդարանում ստանալ ձայների բացարձակ մեծամասնություն, ինչն էլ հնարավորություն կտա միանձնյա կառավարություն կազմել»,- հավելեց նա: