13/07/2015 17:37
Մեկնարկել է «Ոսկե ծիրանը». ՎիվաՍել ՄՏՍ-ը հատկացրել է 150 միլիոն դրամ
Փառատոնային առաջին օրը եղել է բավականին հագեցած և միջոցառումներով լի: Իրադարձության մեկշաբաթյա ընթացքն սկսվել է իրազեկման ասուլիսներով, որի ժամանակ իրենց ֆիլմերն են ներկայացրել Հայկական համայնապատկեր ազգային մրցույթի մասնակիցներ Մարինե և Սոնա Քոչարյանները («Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ»), Վահրամ Մխիթարյանը («Հովվի երգը») և Ալեքս Իգիթբաշյանն ու Էմիլի Մկրտչյանը («Հատանցում»): Օրվա երկրորդ կեսին կայացել է «Ոսկե ծիրանի» ոչ պաշտոնական մեկնարկը խորհրդանշող` ծիրանօրհնեքի ավանդական արարողությունը, որն այս տարի կազմակերպվել է Սուրբ Աննա եկեղեցում:
Փառատոնի առաջին օրը կազմակերպվել է իտալուհի ճանաչված կինոդերասանուհի Օռնելլա Մուտիի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների և երկրպագուների հետ:
Որպես «Ոսկե ծիրան»-ից հայ կինոգործիչներին մատուցվող հարգանքի տուրք՝ Շառլ Ազնավուրի հրապարակում, հայ անվանի այլ կինոգործիչների անունը կրող աստղերի կողքին, 90-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ բացվել է նաև կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի հիշատակը հավերժացնող աստղը: Այն, ի դեպ, հուշաստղերի շարքում վեցերորդն է:
Արարողությանը հաջորդել է 12-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմի՝ Ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիգյանի (Կետիկյան) «Խենթ պատմություն» դրամայի ցուցադրությունը: Ֆիլմը, որի համաշխարհային շնորհանդեսը եղել է 2015-ին Կաննի կինոփառատոնի արտամրցույթային ծրագրում, մասնակիորեն անդրադառնում է ցեղասպանության թեմային և պատմում 1970-80-ական թվականների ցեղասպանությունը վերապրածների սերնդի մասին:
Կինոփառատոնի պաշտոնական բացումը եղել է երեկոյան, Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում. անվանի հյուրերը, մրցութային և ոչ մրցությանին ծրագրերի մասնակիցներն անցել են կարմիր գորգով:: Ողջույնի խոսքով հանդես են եկել «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, արդեն տասը տարի փառատոնի գլխավոր գործընկեր կազմակերպության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Մեծ կինոյով, և ընդհանրապես՝ արվեստով, հայերս հավասարը հավասարի կանգնում ենք մշակութային ազգերի կողքին: Այսօր անչափ կարևոր է ցուցադրել մեր կինոմշակույթը և վերջինիս միջոցով` մեր ձգտումները, աշխարընկալումն ու ինքնությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար «Ոսկե ծիրան»-ի առաքելությունը չի սահմանափակվում կինոմատոգրաֆիկ նշանակությամբ. կինոփառատոնը կարևոր քայլ է աշխարհի մշակութային քարտեզի վրա Հայաստանի ուրույն տեղն ամրապնդելու ուղղությամբ: Տասնամյա մեր ընկերությունն արդեն տասներորդ անգամն է աջակցում «Ոսկե ծիրան» կինոփառատոնին»:
Այնուհետև ներկայացվել են մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը, ինչպես նաև ժյուրիի կազմը: Բացման արարողությունը նշանավորվել է հայտնի կինոաստղեր Օռնելլա Մուտիին և Նաստասյա Կինսկիին «Փարաջանովյան թալեր» մրցանակի հանձնման արարողությամբ:
Փառատոնային առաջին օրով սկսված մեկշաբաթյա հուլիսյան տոնը խոստումնալից մթնոլորտ է ստեղծել: Իրադարձությանը յուրահատուկ երանգ և տրամադրություն է հաղորդել կինոփառատոնի մեկնարկի հետ զուգադիպած Վարդավառը տոնը:
Որպես փառատոնի գլխավոր գործընկեր՝ 10 տարիների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը փառատոնի իրականացմանն նպատակով հատկացրել է ավելի քան 1.2 միլիարդ դրամ: Մասնավորապես՝ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 12-րդ կինոփառատոնի կազմակերպման համար ընկերությունը հատկացրել է 150 միլիոն դրամ: