14/07/2015 16:16
«Լիահույս ենք, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը նոր խթան կլինի հայ-իրանական համագործակցության համար»
ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.
«Հայաստանը ողջունում է Իրանի և միջազգային միջնորդների նպատակասլաց, կառուցողական ջանքերի արդյունքում իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։
Երկար սպասված այս պայմանավորվածությունը կարևոր ձեռքբերում է՝ ի նպաստ միջազգային, տարածաշրջանային կայունության և համագործակցության ամրապնդման։
Լիահույս ենք, որ դա հավելյալ խթան կհանդիսանա՝ Հայաստանի և բարեկամ Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման համար»: