14/07/2015 20:18
Ուր էլ լինենք, միևնույն է, վերջում տուն ենք գալու. Գրիգորի Հակոբյան
Լավ կյանքն ու հնարավորությունները երիտասարդներին միշտ են գրավում, արդյունքում` հաճախ հեռացնելով բնօրրանից: Aysor.am-ի օրվա զրուցակցին` Գրիգորի Հակոբյանին, շատերը կհիշեն հեռուստանախագծերից, կատակերգական ֆիլմերից, նաև`Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնից:
-Որքա՞ն ժամանակ է, որ գտնվում եք Միացյալ Նահանգներում: Հանկարծակի՞ էր մեկնելու որոշումը:
-Արդեն մեկ տարի է` բնակվում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Վաղուց էի այդպես որոշել, ուղղակի վերջերս իրականացրեցի որոշումս:
-Այդտեղ հարազատներ ունեի՞ք, թե՞ Հայաստաում դերասանի կարգավիճակը Ձեզ դուր չէր գալիս:
-Ընտանիքս այստեղ է ապրում: Ճիշտն ասած, որպս դերասան ինձ այդտեղ շատ լիարժեք եմ զգացել: Թեև, ինձ բոլորովին դուր չէր գալիս թատրոնների դերասանների աշխատավարձը, վարձատրությունը:
-Բայց արդյոք այդտեղ կարողանո՞ւմ եք զբաղվել Ձեր մասնագիտությամբ և վաստակել այնքան, որքան ճիշտ եք գտնում դերասանի համար:
-Բնականաբար, այստեղ զբաղվում եմ իմ մասնագիտությամբ, առանց որի ես ինձ չեմ պատկերացնում: Դժգոհ չեմ վարձատրությունից, բավականացնում է: Իհարկե, նպատակներս իրականացնելու համար նաև կողմնակի գործերով եմ զբաղվում:
-Եվ ո՞րն է այդ գործը:
-Համագործակցում եմ «R & M» փրոդաքշնի հետ, որի տնօրենը իմ լավ ընկերն է` Ռաֆայել Շեգիրյանը: Նրա հետ կազմակերպում ենք բազմաթիվ համերգներ, ներկայացումներ…Այստեղ գործը շատ է, միայն ցանկություն լինի:
-Առանց աջակիցների, ծանոթների հնարավո՞ր է այդտեղ գործ գտնել, փորձել հաջողության հասնել: Ծանոթ-խնամի-բարեկամ տարբերակը չի՞ գործում:
-Ոչ, չի գործում, ինչի համար շատ ուրախ եմ: Այս երկիրը տալիս է հնարավորություն` ամեն ինչի հասնելու սեփական ուժերի միջոցով: Այստեղ դռները բաց են բոլոր «թակողների» համար:
-Գրիգոր, Հայաստանում նկարահանվում էիք նաև գեղարվեստական ֆիլմերում, հեռուստանախագծերում: Չե՞ք վախենում, որ այդտեղ գտնվելով` կարող եք որպես դերասան մոռացության մատնվել:
-Չեմ վախենում, քանի որ այստեղ էլ եմ նկարահանվում: Փառք Աստծո, դեռ պահանջարկ ունեմ (ժպտում է):
-26-27 տարի ապրել եք Հայաստանում, սովոր եք այստեղի կենցաղին, բարքերին: Համակերպվո՞ւմ եք այդտեղի ապրելակերպին: Կա՞ որևէ բան, որ Ձեզ դուր չի գալիս, համեմատական եք անցկացնում...
-Բնականաբար, այս հսկա երկիրն ունի թերություններ, որոնց հետ ես երբեք չեմ համակերպվի: Բայց դա ինձ չի խանգարում, որ աշխատեմ և ապրեմ: Հատկապես, որ բնակվում եմ այնպիսի քաղաքում` Գլենդելում, որի բնակչության մոտ 60 տոկոսը հայեր են: Կարելի է ասել` մեք ապրում ենք օրենքով և հնարավորություններով լի փոքրիկ Հայաստանում (ծիծաղում է):
-Գիտեմ, որ մեր հայրեակիցներից և Ձեր կոլեգաներից շատերն են այդտեղ: Մտերմություն անո՞ւմ եք, համագործակցո՞ւմ եք:
-Շատերի հետ եմ մտերիմ, գրեթե բոլորի հետ էլ գործնականորեն շփվել եմ` աշխատել, նկարահանվել:
-Արդեն այդտեղի քաղաքացի՞ եք:
-Ոչ, դեռ քաղաքացի չեմ:
-Ի՞նչ եք կարծում, երբևէ կվերադառա՞ք` Հայաստաում ապրելու նպատակով, թե՞ կհաստատվեք այդտեղ:
-Այդ առումով դեռ չեմ ուզում որևէ բան ասել… Միայն գիտեմ, որ շատ եմ կարոտում ընկերներիս: Հուսով եմ, այդ կարոտը շուտով կառնեմ. Կամ նրանք ինձ մոտ կգան, կամ… թող մնա անակնկալ:
-Հայաստանում ի՞նչ բարեկամներ, ազգականներ ունեք
-Շատ բարեկամներ ու շա~տ մեծ ընկերական շրջապատ ունեմ:
-Գրիգոր, կյանքում հիասթափություններ շա՞տ եք ունեցել:
-Շա~տ… Ինձ ճանաչողները, իմացողները շատ լավ կհասկանան…
-Ներողամի՞տ եք:
-Չափից ավելի: Շատ բարի եմ, դա երևի իմ սխալերից մեկն է:
-Հետաքրքիր է, այդտեղից հետևո՞ւմ եք վերջին շրջանում Հայատանում կատարվող անցուդարձին:
-Այո, հետևում եմ և շատ հպարտ եմ: Երկրի ղեկավարները պետք է հպարտ լինեն, որ այդպիսի երիտասարդներ ունեն: Չնայած` ո՞ւմ ենք ինչ ասում:
-Մեր զրույցի սկզբում նշեցիք, որ ԱՄՆ-ում գտնվում եք Ձեր ընտանիքի կողքին: Ովքե՞ր են Ձեր ընտանիքի անդամները:
-Ունեմ հայր և մեծ քույր: Մայրիկիս տարիներ առաջ եմ կորցրել…
-Ձեր Հայաստանի բնակարանը պահպանվում է, թե՞ բոլորի պես վաճառել մեկնել եք:
-Բնականաբար պահպանվում է, տունը վաճառելու մասին խոսք լինել չի կարող: Ուր էլ լինենք, միևնույն է, վերջում տուն ենք գալու…
-Քանի որ այդտեղ հայկական համայնքը մեծ է, հայկական ավանդույթներ պահպանվո՞ւմ են: Օրինակ, օրերս Վարդավառն էր, ինչպե՞ս եք անցկացնել օրը:
-Իհարկե պահպանվում են: Իսկ Վարդավառին ընկերներով և ընտանիքներով գնացել էինք ծով: