14/07/2015 20:09
Երգչուհի Լիդուշիկի կրկնակի տոնը
Օրերս Լիդուշիկի համար կրկնակի տոն էր. երգչուհին նշում էր ծննդյան 16-ամյակը և երկրորդ ձայնասկավառակի թողարկումը: «Այսօր նաև նրա երկրորդ ձայնասկավառակի շնորհանդեսն է: Այն կոչվում է «Իմ փոքրիկ Հայաստան»: Երգի հեղինակը նրա երաժշտական պրոդյուսեր Էդգար Ալեքսանյանն է: Ձայնասկավառակում ընդգրկված են հեղինակային 9 երգեր, որոնք Լիդուշիկը նվեր է ստացել հենց հեղինակներից` Արսեն Գրիգորյանից, Ավետ Բարսեղյանից, Իննա Մկրտչյնաից, Ռիչարդ Մադլենյանից, Հասմիկ Հախվերդյանից, Վահրամ Պետրոսյանից… Այս ձայնասկավառակում տեղ են գտել նաև 3 երգեր նախորդ ձայնասկավառակից` կարաոկե (մինուս) տարբերակով»,-Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնց երգչուհու տատիկն ու պրոդյուսերը:
Պատանի երգչուհին տարեդարձը նշել է երաժշտական մթնոլորտում` ինչպես միշտ. «Այնպես է ստացվել, որ Լիդուշիկն իր ծննդյան օրերին միշտ նոր երգ է ունեցել, ներկայացրել: Դա իր համար միշտ եղել է ամենամեծ նվերը»:
Բնականաբար, 16-ամյակից հետո փոքրիկ երգչուհու երգցանկը կփոխվի: Չէ՞ որ սա անցում է արդեն դեպի պատանեկություն, նոյնիսկ` երիտասարդություն: Այլևս «առասպելային» չէ առաջին սերն ու դրա հետ կապված զգացմունքները. «Բնականաբար, երգացանկը իմաստային, բովանդակային, ոճային փոփոխություն կունենա: Մանկապարտեզային, հանդեսայի երգերից անցում կկատարվի դեպի իրական, իսկական փոփ-երաժշտություն: Բայց այդ փոփոխությունն աստիճանաբար կլինի, որպեսզի այն մեծ լսարանը, որ նա ունի փոքրիկների աշխարհում, չհուսահատվի»:
16-ամյակի անակնկալ նվերը երգչուհին արդեն ստացել է: «Նվերը երգի տեսքով է, որը ստացել Ավետ Բարսեղյանից և Էդգար Ալեքսանյանից: Երգի պրեմիերան կկայանա այսօր: Փակագծերը շատ չեմ բացի, միայն կասեմ, որ երգն այն տարիքի մասին է, որում նա գտնվում է: Այստեղ կլինի հետաքրքիր համերգային ծրագիր, հրավիրել ենք նաև օդային մարմնամարզիկների»,-եզրափակեց պրոդյուսեր-տատիկը: