14/07/2015 20:28
Հայտնի երգչի ձերբակալությունից հետո նրա նոր երգը ստվերում մնաց. Պրեմիերա
Ոչ-ոք չգիտի` իր հետ ի՞նչ կպատահի հենց վաղը: Երգիչ Կարեն Հակոբյանի համար նույնպես ճակատագիրն անակնկալ էր պատրաստել… Թեև այսօր Կարեն Հակոբյանը գտնվում է կալանավայրում, բայց ընկերները կյանք են տալիս նրա ստեղծագործական գործունեությանը:
Երեկ ռեժիսոր Խաչիկ Եղոյանը ֆեյսբուկյան իր էջում հրապարակեց երգչի «Սիրտն իմ» կատարումը, որը ձայնագրվել էր նրա կալանավորվելուց օրեր առաջ, սակայն հանրությանը չէր հանձնվել: «Երեք ու կես տարի առաջ Կարեն Հակոբյանը ԱՄՆ-ում թողարկեց մի գեղեցիկ երգ, որը պիտի անպայման տեսահոլովակ ունենար: Բայց նրա հետ պատահած դժբախտ միջադեպի պատճառով կալանավորվեց: Երգն այդպես էլ մնաց ստվերում, բնականաբար` առանց տեսահոլովակ: Այժմ այդ երգը, երգչի թույլտվությամբ, ցանկացա հանձնել իր երկրպագուների դատին: Թո՛ղ այս երգը լույս աշխարհ գալով` մեր ընկերոջ համար լուսավոր մի ճանապարհ դառնա ու Աստծո գթությամբ նրան մի օր կրկին վերադարձնի իր սիրելի գործին»,- Aysor.am-ի հետ զրույցում նշեց ռեժիսորը:
Նշենք, որ երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Սաթենիկ Թորոսյանն է: