14/07/2015 14:53
Առաջին անգամ «Երևանյան Միջազգային Կիթառի Փառատոն» կանցկացվի
Երևանի Կիթառահարների Ասոցիացիան և Գերմանիայի Վուպպերտալի Կիթառահարների Միջազգային Ասոցիացիան համատեղ ներկայացնում են առաջին անգամ Հայաստանում «Երևանյան Միջազգային Կիթառի Փառատոնը», որը կկայանա հուլիսի 6-24-ը: Փառատոնի նպատակն է միջազգային մակարդակի բարձրացնել Հայաստանում դասական կիթառի արվեստը:
Փառատոնը հնարավորություն է տալիս հայ դասական կիթառահարներին ծանոթանալ մեր ժամանակների դասական կիթառի միջազգային դպրոցին: Հայ երիտասարդ տաղանդավոր դասական կիթառահարները հնարավորություն կունենան ունկնդրել և դասեր վերցնել այսօրվա առաջադեմ միջազգային ճանաչում ունեցող կիթառահար-պրոֆեսորների մոտ: Փառատոնի շրջանակներում տեղի կունենան բազմաթիվ համերգներ և վարպետության դասեր Երևանի առաջնակարգ դահլիճներում:
Փառատոնի հյուրերն են հանրաճանաչ դասական կիթառահար, միջազգային մրցույթների դափնեկիր` Դավիթ Դյակովը (Գերմանիա/Բուլղարիա), Մոսկվայի «Կիթառի Վիրտուոզներ» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայի և Մոսկվայի Մշակույթի Պետական Համալսարանի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր՝ Արտյոմ Դերվոեդը (Ռուսաստան), հայտնի կոմպոզիտոր-կիթառահար, Նայմեգենի Պետական Համալսարանի պրոֆեսոր՝ Ռոլֆ Ստրավերը (Նիդերլանդներ) հայտնի կիթառահար և կիթառի վարպետ Բոազ Էլկայամ (Իզրայել):
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա Կամերային Երաժշտության տանը՝ հուլիսի 6-ին ժամը 19:00-ին:
Փառատոնի բացմանը ելույթ կունենան “Երևանի Միջազգային Կիթառի Փառատոն”-ի գեղարվեստական ղեկավար, Երևանի Կիթառահարների Ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի Կիթառահարների Միջազգային Ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր՝ Ժորա Սարգսյանը (Հայաստան/Գերմանիա) և միջազգային մրցույթների դափնեկիր՝ Դավիթ Դյակովը (Գերմանիա/Բուլղարիա): Փառատոնի շրջանակներում տեղի կունենան բազմաթիվ միջազգային և հայկական պրեմիերաներ: Տեղի կունենա նաև Ռոլֆ Ստրավերի «Stimmen der Vergangenheit» (ձայներ անցյալից) կամերային ստեղծագործության միջազգային պրեմիերան, որը նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյակին՝ գրված հատուկ Ժորա Սարգսյանի համար:
Ստեղծագործության պրեմիերան տեղի կունենա Կոմիտասի անվան թանգարանի համերգասրահում՝ հուլիսի 24-ին ժամը 19:00-ին: