15/07/2015 10:24
Արա Աբրահամյանը սկսել է ինտենսիվորեն ֆինանսավորել «Օրինաց երկիր» կուսակցությանը
«Հրապարակում» կարդում ենք. «Ռուսաստանի հայերի միության նախագահ, հայաստանյան քաղաքական դաշտ մտնել փորձող Արա Աբրահամյանը սկսել է ինտենսիվորեն ֆինանսավորել «Օրինաց երկիր» կուսակցությանը, որպեսզի դրանով մտնի քաղաքական դաշտ: Մեր տեղեկություններով, նպատակն առաջիկա խորհրդարանական ընտրություններն են. Արա Աբրահամյանը հույս ունի, որ ՕԵԿ-ն այնքան կուժեղանա, թափ կհավաքի, որ ինքը դրանով պաշտոններ, մանդատներ կվերցնի:
ՕԵԿ-ի ֆինանսական միջոցների աճը երեւում է նաեւ կուսակցության վերջին շրջանում դրսեւորած ակտիվությունից, մարզերում տարած աշխատանքներից, լրատվամիջոցների ակտիվությունից: Կոալիցիայից դուրս գալուց հետո ՕԵԿ-ը հայտնվել էր տխուր իրավիճակում, բոլորը լքել էին Արթուր Բաղդասարյանին, այդ թվում՝ նախկինում ՕԵԿ-ով պատգամավոր դարձածները: Զարմանալի պատահականությամբ, բոլոր օլիգարխ պատգամավորները սկզբում ՕԵԿ-ով են պատգամավոր դարձել, օրինակ՝ Շշի Մելոն, ՄԱՊ-ի Ալիկը, Բելաջիոյի Գրիշը, Բռլյանտի Արշակը, Կարեն Բոթոյանը, սակայն որոշ ժամանակ հետո նրանք լքել են ՕԵԿ-ը։
Այնպես որ, Արթուր Բաղդասարյանը պրոֆեսիոնալ է պաշտոնների եւ մանդատների առուծախի մեջ, այս անգամ էլ կստացվի, մնում է, որ արդեն քավոր-սանիկական կապերով կապված Աբրահամյանները ևս ինչ-որ պահի չնեղանան Արթուր Բաղդասարյանից»: