15/07/2015 20:21
Երազանքներ չունեմ, միշտ նպատակներ եմ սիրում ունենալ. Մերի Քոչարյան
Օգոստոսի 11-ից 13-ն ընթացող «Մանկական Նոր ալիք-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Մերի Քոչարյանը: 12-ամյա երգչուհին կմեկնի հուլիսի 31-ին: Aysor.am-ը նրա հետ զրուցեց նախապատրաստական աշխատանքների, երգչուհի-դերասան-հաղորդավար մասնագիտական երկընտրանքի, ընտանիքի և մանկական հետաքրքրություների մասին:
-Մերի, երբ տեղեկացար, որ «Նոր Ալիք»-ի հայաստանյան մասնակից դու ես ընտրվել, ի՞նչ զգացողություններ առաջացան:
-Բառերով չեմ կարող նկարագրել, անսպասելի ու անբացատրելի զգացողություն էր: Միայն կասեմ, որ այդ պահին հպարտ էի, որ արդարացրեցի ինձ:
-Շատերն ասում են, որ մասնակցությունն արդեն իսկ հաղթանակ է. Մտածում և անհանգստանո՞ւմ ես զբաղեցվող հորիզոնականի մասին, թե՞ ինքդ էլ համամիտ ես այդ տեսակետին:
-Այսպիսի մեծ մրցույթներում մասնակցությունն իսկապես հաղթանակ է, սակայն յուրաքանչյուր մասնակից միշտ լավ հորիզոնան գրավելու ակնկալիքով է մասնակցում: Իհարկե, և́ մտածում եմ, և́ անհանգստանում, քանի որ այդ երեք րոպե ելույթը իրականում տարիների աշխատանք է:
-Արդեն իսկ պա՞րզ է, թե ինչ երգով ես ներկայանալու:
-Մենք արդեն հայտերը ուղարկել ենք, սակայն դեռևս վերջնական չեն ընտրել մրցութային երգերը:
- Ինքդ կցանկանայիր, որ քո ուղարկած հայտերից ո՞րը ընտրվեր:
-Արտասահմանյան կատարումներից կցականայի Ջեսի Ջեյի «Մամա» երգը երգել: Այդ երգով հաղթեցի Մոսկվայում: Իսկ հայերեն երգը դեռ պատրաստ չի: Այժմ ինձ համար նոր երգ է գրվում, որը պետք է ուղարկենք: Կցանկանայի իմ նոր երգը երգել:
-Մերի, միջազգային մրցույթներից ի՞նչ ակնկալիքներ ունես:
-Առաջին հերթին ակնկալում եմ ճանաչում արտերկրում, և, իհարկե, անծանոթ բեմերում ներկայանալու փորձ:
-Այժմ, հավանաբար, թեժ պարապմունքների մեջ ես, այո՞: Քո երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանը փորձո՞ւմ է կանխատեսումներ անել:
- Այո, վերջին մեկ տարին ես և Գրիգորը տքնաջան պարապում ենք, սակայն նա չի սիրում կանխատեսումներ անել: Կլինի այն, ինչ կլինի:
-Տեղեկացված եմ, որ հուլիսի 18-ին «Ճանապարհ դեպի Նոր ալիք» խորագրով համերգային ծրագիր ունես: Կմանրամասնե՞ս:
-Ճիշտ եք տեղեկացված. Ծաղկաձորում գտնվող գեղեցիկ «Էլեգանտ» հյուրանոցային համալիրը դարձավ իմ աջակիցը և համերգ է կազմակերպում «Ճանապարհ դեպի Նոր ալիք» խորագրով, որտեղ կերգեն իմ բոլոր ընկերները:
-Մեկ անգամ փորձեցիր ներկայացնել Հայաստանը «Մանկական եվրատեսիլ» մրցույթում: Նախընտրական փուլում, ավաղ, երկրորդ տեղում հայտնվեցիր: Չե՞ս մտածում փորձը կրկնելու մասին:
- Ես մրցույթներ շատ եմ սիրում, հատկապես «Եվրատեսիլը»: Այդ պատճառով էլ մեծ ցանկություն ունեմ կրկին մասնակցել:
-Քանի որ ներգրավված ես երգարվեստի մեջ, հասցնո՞ւմ ես դպրոցում լավ սովորել:
- Անկախ պարապմունքներից և համերգներից` հասցնում եմ դասերս ժամանակին ավարտել և դպրոց գնալ, քանի որ ինձ համար առաջնայինը դպրոցն է, հետո նոր բեմը:
-Ունե՞ս սիրած առարկա:
- Առարկաներից շատ եմ սիրում լեզուները՝ անգլերեն, ռուսերեն, մայրենի լեզու:
-Հասակակիցներիդ հետ բակում խաղո՞ւմ ես, թե՞ դրա համար ժամանակ չի մնում:
- Հենց ազատ ժամանակ եմ ունենում, աշխատում եմ բակ դուրս գալ, շփվել ընկերներիս հետ: Հիմա շատ եմ կարոտում դասարանցիներիս և աշխատում եմ հնարավորինս շատ բակ դուրս գալ՝ նրանց տեսնելու համար:
-Ի՞նչ երազանքներ ունես:
- Երազանքներ չունեմ, միշտ նպատակներ եմ սիրում ունենալ:
-Կպատմե՞ս քո ընտանիքի մասին:
- Իմ ընտանքիը աշխարհի ամենալավ ընտանիքն է: Հայրս և մեծ եղբայրս ֆուտբոլիստ են, մայրս տնային տնտեսուհի է և օգնում է ինձ ամեն հարցում` սկսած համերգային հագուստների դիզայնից: Ունեմ նաև փոքր եղբայր՝ Վարդանիկը, ով մեր տան ուրախությունն է:
-Ի՞նչ ես կարծում, հետագայում միայն երգարվեստո՞վ կզբաղվես, թե՞ այլ մասնագիտություն ևս կստանաս:
-Ես շատ եմ սիրում երգել, սակայն ծնողներս միշտ ասում են, որ ուսումն ամենակարևորն է: Ես անպայման այլ մասնագիտություն էլ ձեռք կբերեմ, սակայն երգելը, կարծում եմ, չեմ թողնի:
-Գուցե հաջորդ մասնագիտությունդ նույնպե՞ս բեմի հետ առընչվի:
-(Ժպտում է) Դե, պարբերաբար հրավերներ եմ ունենում նաև ֆիլմերում նկարահանվելու համար: Փորձում ենք ծնողներիս հետ ժամանակ գտնել և որոշ ֆիլմերում նկարահանվում եմ, բայց թե ինչ ուղղությամբ կշարունակեմ, դեռ վաղ է, ժամանակը ցույց կտա:
-Ի դեպ, եկ անգամ հանդիսատեսը քեզ տեսավ ամանորյա ֆիլմում, արդյոք այլ առաջարկներ չունես: Այժմ որևէ ֆիլմում նկարահանվո՞ւմ ես:
-Անկեղծ ասած` շատ ոգևորված էի, նորից էի ուզում նկարահանվել: Սակայն, ցավոք, երկուսը միաժամանակ չեմ կարող: Ես առաջնահերթ երգչուհի եմ, հետո նոր դերասանուհի և հաղորդավարուհի… Իսկապես, այդ ֆիլմից հետո ունեցա ևս մի քանի առաջարկներ և́ Հանրային, և́ «Շանթ» հեռուստաընկերություններից` խաղալու գլխավոր դերեր: Բայց, քանի որ հասցնել չէի կարող, չնկարահանվեցի այդ ֆիլմերում:
-Հայ դերասաններից, նաև երգիչներից ո՞ւմ ես առավել շատ համակրում:
-Համակրում եմ Հրանտ Թոխատյանին, Լուիզա Ներսիսյանին, որոնց հետ նաև խաղացել եմ հենց այդ ֆիլմում: Նոր սերնդի դերասաններից Անի Երանյանին եմ շատ հավանում: Իսկ երգիչ-երգչուհիներից` Սիրուշոյին և Գրիգոր Կյոկչյանին:
-Եթե չեմ սխալվում, նաև որպես հաղորդավարուհի ես հանդես գալիս:
-Այո, Կենտրոն հեռուստաընկերությամբ վարում եմ մանկական «Sweet baby» հաղորդումը: Ինձ շատ լավ եմ զգում նաև այդ դերում:
-Մերի, քեզ հաջողություն ու հաղթանակ եմ մաղթում «Նոր ալիք-2015»-ում:
-Անչափ շնորհակալ եմ, հուսամ` կարդարացնեմ: