17/07/2015 16:57
Պատգամավորները կարևորել են հայ-կորեական հարաբերությունների խորացումը
ԱԺ Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, Ալեքսանդր Արզումանյանն ու Սուքիաս Ավետիսյանն այսօր հանդիպել են Կորեայի Հանրապետության Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Նո Յուն Մինի և խմբի անդամների հետ:
ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը իր խոսքում կարևորել է հայ-կորեական միջխորհրդարանական կապերի զարգացումը: Նա նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է երկու երկրների տնտեսական, մշակութային, քաղաքական կապերը խորացնելու հարցում:
Ս.Ֆարմանյանն իր երախտագիտությունն է հայտնել Կորեայի Հանրապետությանը Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող խնդիրներին հավասարակշիռ մոտեցում ցուցաբերելու համար: Նա շնորհակալություն է հայտնել նաև Նո Յուն Մինին՝ իր հեղինակած գրքում Հայող ցեղասպանությանն անդրադառնալու համար: Խոսելով ԼՂ հիմնախնդրի մասին՝ Ս.Ֆարմանյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից խաղաղ բանակցային գործընթացը ձախողելու շարունակական փորձերին:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ ցեղասպանություն վերապրած մեր ժողովրդին կրկնակի ցավ է պատճառում Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը:
Հայաստան-Կորեա բարեկամական խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը, կարևորելով հայ-կորեական հարաբերությունների խորացումը, նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ և բարձր է գնահատում այդ ոլորտում Կորեայի ունեցած մեծ փորձը:
Իր հերթին Նո Յուն Մինն իր խոսքում նշել է, որ Հայաստան այցելում է երկրորդ անգամ և կարծում է, որ կորեացի ու հայ ժողովուրդները պատմական շատ ընդհանություններ ունեն: Նա նշել է, որ կորեացիներին հասկանալի է հայ ժողովրդի ողբերգությունը, որին անդրադարձել է իր «Ժամանակակից ողբերգություններ» գրքի առաջին մասում: Կորեա-Հայաստան խմբի ղեկավարը փաստել է, որ արդեն երկու տարի Կորեայում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրություններ են կազմակերպվում, որոնց ներկա են լինում Կորեայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորներ և Կորեայում Հայաստանի Հանրապետության դեսպանը: