20/07/2015 14:29
Ս. Սարգսյան. Պատրաստ ենք առաջ ընթանալ ողջամիտ փոխզիջումների ճանապարհով
«Որքան էլ Ադրբեջանը փորձի խեղաթյուրել ղարաբաղյան հիմնախնդրի էությունը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը վաղուց արդեն չի վիճարկում: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո: Երկրի ղեկավարը շեշտեց.
«Ավելին՝ այն ամրագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հայտարարություններում: Այդ գաղափարի համատեքստում մենք պատրաստ ենք առաջ ընթանալ ողջամիտ փոխզիջումների ճանապարհով»:
Սերժ Սարգսյանն ասաց նաև, որ Դ.Տուսկի հետ հանդիպմանը կարևորել են, որ Արևելյան գործընկերության չորրորդ գագաթաժողովի մասնակիցները վերահաստատել են Եվրոպական միության կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում իրենց լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և 2009 թվականից ի վեր այդ պետությունների ղեկավարների մակարդակով արված հայտարարություններին.
«Սա ևս մեկ անգամ վկայում է՝ լուծումն այլ հարթակներ տեղափոխելու ջանքերի անհեռանկար լինելու մասին»,- հավելեց Սերժ Սարգսյանը: