20/07/2015 16:44
Տուսկ. ՀՀ-ԵՄ միջև վիզայազերծ ռեժիմը վերջնական նպատակն է
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այսօր Երևանում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց, որ ՀՀ-ԵՄ համագործակցության կարևորագույն ոլորտներից է հեշտացնել ճանապարհորդելը Հայաստանից Եվրոպական միության երկրներ և հակառակ ուղղությամբ:
«Ես ողջունում եմ այն դրական առաջընթացը, որը Հայաստանը ձեռք է բերել վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի արդյունավետ կատարման ուղղությամբ, որոնք ուժի մեջ մտան 2014 թվականի հունվարից: Արդյունավետ իրագործումը կարևոր պայման է, որպեսզի սկսվեն վիզաների ազատականացման երկխոսության բանակցությունները, քանի որ վիզայազերծ ռեժիմը վերջնական նպատակն է»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ եթե աշխատանքի առկա տեմպը պահպանվի, ապա հաջորդ քայլը հնարավոր կլինի իրականացնել արդեն իսկ մոտակա ամիսներին:
Դ.Տուսկը, անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին, հայտարարեց նաև, որ այս տարին վճռորոշ է այդ հարաբերությունների համար: Եվ հավաստիացրեց, որ Հայաստանը կարող է հույս կապել ԵՄ օժանդակության շարունակականության հետ, որպեսզի առաջընթաց ապահովվի սոցիալական, քաղաքական բարեփոխումների ուղղությամբ և այլն: