20/07/2015 16:16
Ուորլիք. Հակամարտության համապարփակ լուծումը չի կարող լինել առանց ԼՂ կարգավիճակի
Առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման չի կարող լինել ղարաբաղյան հակամարտության համապարփակ լուծում: Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորում չի կարող լինել, եթե դրանում ներառված չլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- ասաց նա՝ շարունակելով, որ համապարփակ կարգավորումը իր մեջ ներառում է նաև կարգավիճակի հարցը:
«Եվ այդ նպատակով է անհրաժեշտ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ արտահայտում՝ որպես համապարփակ այդ կարգավորման մի մաս»,- ասաց նա:
Անդրադառնալով «Վեդոմոստի» պարբերականին տված հարցազրույցին՝ նա պարզաբանեց, որ հարցազրույցն ուշադիր ընթերցելուց հետո բոլորը կհասկանան, որ այնտեղ ինքն ասել է, որ ոչ մի բան համաձայնեցված չէ: «Այսինքն` ոչ մի բան համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, և համապարփակ ասելով՝ մենք սա նկատի ունենք: Այդ կարգավորման տարրերից մեկը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձը՝ սա կետերից մեկն է, ու բանակցությունների շատ կարևոր տարր»,- հայտարարեց ամերիկացի դիվանագետը:
Ինչ վերաբերում է հարցին, թե Իրանի և Վեցնյակի միջև պատմական համաձայնությունը հնարավո՞ր է ազդեցության ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա, Ջ. Ուորլիքը շեշտեց, որ այդ մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ պարզ դառնա, թե ուր է տանում այդ համաձայնությունը։
Շարունակելով խոսքը՝ Ուորլիքն ընդգծեց նաև, որ պետք է հստակ տեսնենք, թե դեպի ուր է տանում Վիեննայի համաձայնությունը։ «Մեր ցանկությունն է, որ ամբողջ տարածաշրջանում լինի խաղաղություն, ժողովրդավարություն և բարեկեցություն, իսկ դա վերաբերում է Հայաստանի բոլոր հարևաններին»,- ասաց նա: