20/07/2015 20:17
Թող ամեն մարդ իր «վերմակի չափով» ոտքերը մեկնի. Արթուր Պետրոսյան
Aysor.am-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել հայ հայտնիների հանգստյան բաղադրատոմսերը: Կամերային երաժշտական թատրոնի երիտասարդ դերասան Արթուր Պետրոսյանը, ով հեռուստադիտողին ծանոթ է նաև սերիալներից և գեղարվեստական ֆիլմերից, ամառային հանգստի համար դեռևս ժամանակ չի գտնում, թեև, իր իսկ բնորոշմամբ, ամեն օրն էլ լիցքաթափվելու համար նպաստավոր է համարում: Ամառը դերասանի ամենասիրելի եղանակն է, և ոչ միայն հանգստանալու ակնկալիքով. «Շատ եմ սիրում ամառը, քանի որ ծնվել եմ ամռան ամենալավ օրը` իմ ծննդյան օրը»,-իր ամառային սերն այսպես մեկնաբանեց Արթուրը:
«Քանի որ հիմա չեմ կարող մեկնել որևէ տեղ, ապա հաճախակի գնում եմ Սևան կամ մեկ այլ վայր` թեկուզ կես ժամով: Մաքուր օդ եմ շնչում, լիցքաթափվում ու վերադառնում: Ասեմ, որ հիմնականում գնում եմ գիշերները, այդ ժամանակ եմ ազատ լինում: Ընկերներս հենց զանգում ու ասում են` այս կամ այն վայրում ենք, անմիջապես մեկնում եմ իրենց մոտ, մի քիչ հանգստաում ու վերադառնում: Կարևորում եմ նաև Հայաստանից դուրս հանգիստը: Մարդկանց, մշակույթի, բարքերի հետ ես շփվում, ինչը կարևոր է: Սակայն խոսքս Վրաստանի մասին չէ, այն չեմ համարում Հայաստանից դուրս: Վրաստանն արդեն դարձել է Հայաստանի մարզերից մեկը»,-ժպիտով մանրամասնեց դերասանը:
Արթուր Պետրոսյանը առավել շատ սիրում է հանգստանալ այնտեղ, որտեղ լավ կոլեկտիվ կա, հետաքրքիր ու ջերմ մթոլորտ. «Ես մենակ հանգստի սիրահար չեմ, այդ տարիքում չեմ, որ մենակյաց լինեմ: Որտեղ էլ լինեմ, փնտրում եմ մարդկանց, որոնց հետ կարելի է ուրախ ու լավ ժամանակ անցկացնել»:
Այսօր շատերի հանգիստը խափանվում է ֆինանսական անպատրաստվածության պատճառով: Արթուր Պետրոսյանի համար ֆինանսը թեև ոչ գլխավոր, բայց կարևոր նախապայմա է. «Որքան շատ գումար ես ունենում, այնքան նախընտրում ես ավելիին: Ամեն դեպքում, պետք է այնպես անես, որ քո ունեցած հնարավորությունների մեջ սահմանափակվես, այլապես հանգիստդ կդառնա անհանգստություն, մտածմունք: Թող ամեն մարդ իր «վերմակի չափով» ոտքերը մեկնի, որպեսզի լիարժեք հանգիստ ունենա:
Ինչ վերաբերում է հանգստյան արկածներին, ապա այդպիսիք անպակաս են կենսախինդ ու արկածասեր Արթուրի կյանքից. « Իմ յուրաքաչյուր օրն էլ լի է արկածներով: Եթե նույնիսկ արկածներ չեն լինում, փորձում եմ ինքս ստեղծել, քանի որ ուրախ մարդ եմ, նախընտրում եմ ամեն մի վայրկյանս ուրախ ու անսովոր ռիթմով դասավորել»:
Հետաքրքրվեցինք նաև, թե ի՞նչ գործնական զբաղվածություն ունի այսօր դերասանը: «Այժմ Կամերային երաժշտական թատրոնը վերանորոգման մեջ է: Մեր թատրոնն ավելի են գեղեցկացնում, բայց մենք դեռևս արձակուրդի մեջ չենք: Նոր մյուզիքլներ ենք բեմադրում, անընդհատ զբաղված ենք: Շատ գեղեցիկ գործեր են: Պարի փորձեր ենք անում, սամբա և ռումբա պարում: Դրա հետ մեկտեղ, զբաղված եմ Էրեբունու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում` «Դիմակ» թատերախմբով»,- Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց նա: